Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների մատներն արդեն սահում են ոչ թե ստեղների ու լարերի վրայով, այլ արագ ու հմուտ ցանցեր են հյուսում բանակի համար: Արդեն մեկ շաբաթ է՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի հանդերձարանը վերածվել է կամավորական շտաբի:
Ցանցերի ապահովումը, կտորի մատակարարումը և մյուս կազմակերպչական հարցերը համակարգում է մոսկվայաբնակ Դավիթ Աղաջանյանը: Դավիթն ամեն տարի սեպտեմբերի 21-ը նշում է Երևանում: Այս տարի էլ բացառություն չէր, և երբ ընդամենը 1 շաբաթ անց սկսվեց պատերազմը, նա անմիջապես լծվեց կամավորական աշխատանքներին:
Այս պահին արդեն 25 մասնաճյուղում 700-ից ավելի կամավոր միաժամանակ քողարկիչ ցանց է հյուսում: Դավիթը Հայաստան էր եկել մարզահրապարակ կառուցելու ծրագրով, որը հիմա հետաձգել է կարճ ժամանակով:
Քողարկիչ ցանցեր հյուսելու հմտությունները գործընկերներին է փոխանցում ալտահար Ժաննա Ափինյանը: Կամավորների թվում շատ են առաջնագծում զինվոր ունեցող մայրերը. ամեն հյուսքի հետ աղոթք են հղում երկինք:
Հակահամաճարակային անվտանգության կանոններից ելնելով՝ աշխատում են հերթափոխով, պարբերաբար ախտահանում են տարածքն ու փաստում՝ 2-րդ կորոնաճակատն էլ պակաս վտանգավոր չէ, բայց հիմա մտածում են միայն առաջնագծի մասին:
Իրենց ստեղծագործական առօրյային վերադառնալու մի տարբերակ են երազում երաժիշտները՝ օր առաջ նվագել հաղթանակին նվիրված համերգին: