ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ուսումնասիրվում են հակառակորդի կողմից ֆոսֆորային արգելված զինատեսակի կիրառության հետևանքները։
«Այսօր առավոտյան Ստեփանակերտի, օրվա ընթացքում՝ Մարտունու ուղղությամբ, ադրբեջանական զինված ուժերը խաղաղ բնակչության դեմ կիրառել են հրետանային և հրթիռային միջոցներ, ավիացիա։ Ուզում եմ ֆիքսել, որ Ադրբեջանը շատ հաճախ ընտրովի գերճշգրիտ զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը։
Արցախի ԶՈՒ սպառազինության կազմում գտնվող հաճախ հին, սովետական արտադրության զինատեսակները կարող են ունենալ որոշակի շեղում, և խիտ բնակեցված քաղաքներում տեղակայված ռազմական օբյեկտներին խոցելու ժամանակ շեղման պատճառով կարող է տուժել նաև խաղաղ բնակչությունը։ Որի առիթով Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը նույնիսկ հայտարարություն արեց, և Ադրբեջանը կարող էր սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար գործողություն իրականացնել։ Սակայն Ադրբեջանը, ունենալով գերճշգրիտ զինատեսակներ, որոնք կարող են ունենալ մեկ-երկու մետրի շեղում, քաղաքացիական օբյեկտներ է թիրախավորում. Ստեփանակերտի ծննդատուն, Մարտակերտի հոսպիտալ, Ստեփանակերտի հոսպիտալ, Շուշիի եկեղեցի։ Չեմ կարծում, որ գերճշգրիտ զենքերով պատահական են խոցում եկեղեցին ու ծննդատունը»,- նշեց Հովհաննիսյանը։