Երեք օրն էլ բավարար է եղել, որպեսզի բելգիացի պատգամավորներն ամբողջությամբ զգան և ապրեն այն ամենը, ինչ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրերից ապրում են Արցախում ապրողները:
Բելգիայի խորհրդարանի պատգամավոր Ժորժ Դալեմանյըն ցնցվել է Շուշիում և Ստեփանակերտում տեսածից և ապրածից:
Ժորժ Դալեմանյը (Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր) - Երբ այնտեղ էինք, գրեթե ամբողջ ընթացքում ռմբակոծություն էր: Ուժգնությունը տարբեր էր, սակայն կյանքի համար վտանգը միշտ կար: Մենք այնտեղ մարդկանց հանդիպում էինք ապաստարաններում: Նրանք իրենց գյուղերն ու տները թողել և եկել էին այդտեղ: Հիվանդանոցներում տեսանք անընդհատ ժամանող վիրավորների:
Պատգամավորների պատվիրակությունն Արցախի ԱԳ նախարարի հետ հանդիպման է եղել, երբ սկսվել է Ստեփանակերտի հերթական հրթիռակոծությունը: Բելգիացի օրենսդիրներն ականատես են եղել նաև Արցախի մայրաքաղաքի ծննդատան թիրախավորմանը:
Ժորժ Դալեմանյը - Ականատես եղանք խաղաղ բնակավայրերի՝ քաղաքների, ավանների, գյուղերի չտարբերակված հրթիռակոծության, դպրոցների, մշակույթի տների և եկեղեցիների թիրախավորված ռմբակոծության, ինչը վստահաբար պատերազմական հանցագործություն է:
Չնայած այդ ամենին՝ Դալեմանյըն տեսել է նաև խիզախ, իրենց հայրենիքը սիրող և այն լքել չցանկացող մարդկանց: Ի տարբերություն բազմաթիվ եվրապատգամավորների և եվրապաշտոնյաների՝ բելգիացի պատգամավորի դիրքորոշումը պատերազմական հանցագործությունների հանդեպ հստակ է:
Ժորժ Դալեմանյը - Միջազգային հանրությունը պետք է հետաքննի այդ հանցագործությունները և քրեական պատասխանատվության կանչի այդ հանցագործության պատասխանատուներին: Այդ ամենը միջազգային օրենքների դեմ է: Պետք է խիստ և հաստատակամ լինել այդ հարցում:
Պատգամավորը հիշեցնում է, որ Բելգիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ է, և ինքն անպայման տեսածի ու զգացածի մասի բարձրաձայնելու է բոլոր ատյաններում: Ժորժ Դալեմանյըն անընդունելի է համարում Արցախում կատարվածը: Ադրբեջանին պատերազմի դրդող և նրան անվերապահորեն սատարող Թուրքիան, ըստ պատգամավորի, ապացուցեց, որ խնդրահարույց երկիր է դարձել միջազգային հանրության համար:
Ժորժ Դալեմանյը - Համաձայն եմ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ասածներին, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար խնդիր է դարձել: Այն երկիրը, որը պետք է անվտանգության հարցերում գործընկեր լիներ, այժմ պատերազմում է Հայաստանի, մեր իսկ սեփական անվտանգության դեմ, հիշենք նաև Հունաստանի, Սիրիայի, Լիբիայի հյուսիսի մասին: Այս իրավիճակը Թուրքիայի շուրջ գտնվող բոլոր երկրների՝ Հայաստանի, Արցախի, նաև Բելգիայի ու ԵՄ-ի համար իրական վտանգ է: Հույս ունեմ, որ այդ իրավիճակը կարագացնի գործողությունները:
Բելգիացի պատգամավորն անընդունելի է համարում, որ Թուրքիան ագրեսիա, պատերազմ և ահաբեկչություն է արտահանում՝ անվտանգության հարցերում համագործակցելու փոխարեն: Նրա խոսքով՝ այդ ամենը ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցությունը կասկածելի է դարձրել, քանի որ Անկարայի գործողությունները հակասում են Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրությանը: Ժորժ Դալեմանյըն անսպասելի չի համարում Էրդողանի կողմից ահաբեկիչների օգտագործումը, ինչին արդեն ականատես է եղել Սիրիայում և Լիբիայում: Պատգամավորի համար անսպասելի և ցնցող է եղել Արցախում ջիհադիստների կիրառման հանդեպ ՆԱՏՕ-ի և միջազգային հանրության անտարբերությունը:
Ժորժ Դալեմանյը - Ահաբեկիչների կիրառումը նշանակում է, որ նրանք հարձակվելու են խաղաղ բնակչության վրա, անմարդկային վերաբերմունք ցուցաբերեն նրանց նկատմամբ՝ գլխատելով, անդամահատելով, բռնաբարելով: Այդ ամենը տեղի է ունեցել Սիրիայում քրդերի նկատմամբ, և ես ականատես եմ եղել դրան: Դա պետք է արժանանա միջազգային հանրության դատապարտմանը: Սա մի հարց է, որի մասին ես բարձրաձայնում եմ իմ երկրում:
Բելգիացի պատգամավորը կարծում է, որ Արցախի ժողովուրդը պետք է իրագործի ինքնորոշման իրավունքը: Նրա խոսքով՝ շատերին է հայտնի, որ Արցախը Ստալինի պատճառով է բռնակցվել Ադրբեջանին:
Ժորժ Դալեմանյը - Համոզված եմ, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ընտրելու իր ապագան և ազատությունը: Այդ բռնակցումը Ստալինի միակ հանցագործությունը չէ: Մենք չպետք է մերժենք նրանց ազատ ընտրության իրավունքը, և դա այն է, ինչին ես աջակցում եմ:
Հայաստանի բարեկամ Բելգիայի ներկայացուցիչը տպավորված է այն աջակցությամբ, որը Հայաստանի և Արցախի ժողովուրդը ստացել է հայկական Սփյուռքից:
Հայերը և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում ունեն բազմաթիվ բարեկամներ, որոնց կարող են վստահել, դրանց թվում նաև ես եմ:
Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան