Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Ադրբեջանական «Գարաբագ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովը կոչ է արել «սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց երեխաներին», ինչպես նաև՝ հայերին կոտորելու համար ստեղծել հատուկ ջոկատներ և այլն:
Իբրահիմովը նաև ակնարկել է հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի գործած ցեղասպանությունը՝ որպես «հայերի հետ վարվելու ճիշտ օրինակ»: Սա ակնհայտ ռասիստական և այլատյաց հայտարարություն է՝ էթնիկ հողի վրա անմեղ մարդկանց սպանելու կոչ: Նման հռետորաբանությունը սպորտում բացարձակ անընդունելի է: Ֆուտբոլային աշխարհի հիմնական դավանանքներից մեկը խաղաղության ու մարդասիրության պաշտպանությունն է:
Մասնավորապես, ՈՒԵՖԱ-ն մեծ տեղ է տալիս ռասիզմի դեմ պայքարին: Հորդորում ենք եվրոպական ու միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ անհապաղ համարժեք գնահատական տալ «Գարաբագ» ակումբի վարքագծին: Միջնադարյան խավարամտությունն ու այլատյացությունը ֆուտբոլային համայնքում տեղ չունեն»: