Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները:
Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիսարևելյան, հարավային և հարավարևմտյան ուղղություններում: Յուրային զորքերը խփել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք: Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները այդ ուղղություններում: Պաշտպանության բանակը հայտնել է, որ հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:
Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ:
Օպերատիվ-մարտավարական դրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը: Թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են` հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնացել է թշնամու արձակած հրթիռների ձայներից: Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վայրկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը: Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը: Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: Նախնական տվյալներով` տուժածներ չկան: Գիշերը մյուս շրջաններում պահպանվել է հարաբերական հանգիստ վիճակը: