ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը «Լուրերի» հետ զրույցում ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը՝ ընդգծելով, որ չնայած գիշերային հրետակոծություններին, հակառակորդին չի հաջողվել ունենալ որևէ հաջողություն:
«Երեկ օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է գրոհներ ձեռնարկել ՊԲ ստորաբաժանումների ուղղությամբ, ռազմաճակատի տարբեր հատվածներում: Նշեմ, որ բոլոր գրոհները կասեցվել են, հակառակորդին չի հաջողվել զբաղեցնել նոր բնագիծ, ունենալ առաջխաղացում: Այդ ընթացքում ՊԲ-ն կոնկրետ թիրախային հարվածներ է հասցրել հակառակորդի վերախմբավորվող ստորաբաժանումներին: Հարվածներից մեկի արդյունքում հերթական անգամ խոցվել է հակառակորդի զինամթերքը:
Գիշերվա ընթացքում հակառակորդը շարունակել է ռազմաճակատի որոշ ուղղություններում հրետանային հարվածներ հասցնել թե՛ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների դիրքերին, թե՛ խաղաղ բնակավայրերին, մասնավորապես, Շուշիին, Քարինտակին: Մարտերի ընթացքում խոցվել են հակառակորդի մեկ տանկ, մեկ ՀՄՄ և 5 ԱԹՍ: Հակառակորդին գիշերն էլ չի հաջողվել բարելավել իր դրությունը, առաջ գալ, զբաղեցնել նոր բնագիծ, ունենալ որևէ հաջողություն: ՊԲ ստորաբաժանումները հուսալիորեն պահում են իրենց բնագիծը և կարող են ճնշել, պատժել հակառակորդի բոլոր գործողությունները»,- տեղեկացրեց նա:
Սարումյանն անդրադարձավ նաև երեկ գիշեր հակառակորդի կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ կիրառելուն: «Հակառակորդը կիրառում է ունեցած ողջ զինանոցը, այդ թվում՝ քիմիական տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ: Այդ հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել անտառապատ տարածքում: Նման զինատեսակ կիրառելով՝ հակառակորդը հերթական անգամ ապացուցում է, որ թքած ունի թե՛ միջազգային մարդասիրական իրավունքի, թե՛ պատերազմի, թե՛ նույնիսկ սովորութային օրենքների վրա»,- ասաց նա: