Ալինան և Ռոզան Արցախից են։ Ալինան Քաշաթաղից է, Ռոզան՝ Շուշիի հարակից գյուղից։ Երեխաների և ևս հինգ ընտանիքի հետ ժամանակավորապես ապրում են Թորոս գյուղում՝ «Կարիտասի» ճամբարում։ Այսօր որոշել են օգնել խոհարարներին աջիկա պատրաստել:
Ալինա Հակոբյան (Քաշաթաղի բնակիչ) - Վերջապես մի գործ ասեցին, որ անենք։
Թորոսում օդը մաքուր է, պայմանները՝ լավ, բայց, միևնույն է՝ Ալինան սպասում է Քաշաթաղ վերադարձին։ Հոկտեմբերի 29-նն էր, տագնապի ազդանշանը միացավ, արթանացավ, հագնվեց, դուռը փակեց, բանալին դրեց պայուսակը ու երեխաների հետ հասավ Գորիս, հետո Շիրակի մարզ՝ գյուղ Թորոս։
Ալինան ո՛չ լալիս է, ո՛չ տրտնջում, ճամբարում հոգեբանի համբավ է ձեռք բերել։ Ով տխուր է՝ Ալինային են կանչում։ Մի վայրկյան անգամ չի երկմտում, վստահ է՝ տուն է վերադառնալու, ասում է՝ գիտի, հիմա մտել, խառնել են, պահածոներն էլ՝ կերել, հասնի տուն, ամեն ինչ տեղը կգցի։
Ալինա Հակոբյան - Համ իմ ամուսինը, համ քրոջս ամուսինը, եղբայրս վիրավորվել են, հիմա հիվանդանոցում են։ Մարտական ոգին շատ լավ է։ Հույս ունենք, որ կհաղթենք, կվերադառնանք:
Ճամբարում ապաստանած ընտանիքների երեխաներն ու տարեց կանայք ցերեկն անցկացնում են կոնֆերանսների դահլիճում, կամավորներ են գալիս, երեխաներին զբաղեցնում են, նկարում են, երգում, զրուցում, օրն անցնում է։
Արցախցի բոլոր փոքրիկները զինվոր ու եռագույն են նկարում, աղջիկ-տղա՝ ծրագրում են հայրենիքի պաշտպան դառնալ և երազում վերադառնալու մասին։
Սովորաբար ցուրտ Թորոսում արևն այս տարի լավ է ջերմացնում, կամավորները բալիկներին էլ, տատիկներին էլ դուրս են հրավիրում գնդակ խաղալու։ Իսկ Գոգավանի բնակչուհին մեզ որոշում է հրավիրել այն սենյակը, ուր ինքն է մնում։ Հետն էլ պատմում Գոգավանի հրաշքի մասին, ուր, ինչպես ինքն է ասում՝ երկնքից մանանա է թափվում։
Խաղողն ու նուռը հավաքել չի հասցրել, ծառերը ճկվել էին, բերքը թափվում էր, մեզ է հրավիրում, հենց պատերազմն ավարտվի, պետք է գոնե մեկ անգամ Գոգավան գալ, ասում է՝ հողը կա, պետությունն օգնում է, տարին երկու անգամ կարտոֆիլ ենք ցանում հավաքում, պետք է ապրել Գոգավանում։ Իսկ վերադարձից հետո առաջին բանը, որ պետք է անել, զեյթունի ծառ տնկելն է։
Թիկունքն ամուր է՝ վհատվել չկա, Թորոսում ապաստանած կանայք խոստանում են ավելի լավ կառուցել, ավելի շատ ծառ տնկել, ավելի շատ զինվոր պարգևել Արցախին, իսկ պատերազմը մի օր՝ գիտեն, ավարտվելու է, արցախցի գեղեցկուհու երգի բառերի նման՝ թուրքը գնալու է՝ աչքը այդպես էլ մնալով անառիկ Արցախին։