Ավելի վաղ, քան երբևէ՝ այս պատերազմի ընթացքում, լույսը չբացված, թշնամին Արցախի սահմանի տարբեր ուղղություններով, նախ՝ հյուսիսից, հրետանային պատրաստությունից հետո, կրկին հարձակման է անցել ու արժանացել նույն ճակատագրին՝ կոտորվել, հետ է շպրտվել:
Հարավային ուղղությամբ՝ Արաքսից հյուսիս, մարտերը շարունակվել են, մի քանի բարձունքի վրա հայկական զինուժը բարելավել է մարտական դիրքերը:
Արցախի կենտրոնական՝ Մարտունի, Ճարտար ուղղությամբ հրետանու ինտենսիվ կրակով, գրոհային խմբերով թշնամին փորձել է ռազմաճակատը ճեղքել, չի ստացվել:
Թշնամու հարձակման երրորդ ուղղությունը Շուշիի մերձակա գյուղերի ուղղությամբ էր: Մեծ թվով հրոսակախմբեր ոչնչացվել են, հարձակման համար նախատեսված ռազմաբազան հօդս է ցնդել, բայց այս ուղղությամբ մարտերը շարունակվում են:
Պաշտպանության բանակը թշնամուն ջարդելու ժամանակ ահաբեկիչ է գերեվարել: Ծնունդով սիրիացի վարձկանը խոստովանել է՝ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Մեհրեբ Մուհամմադը պատմել է՝ առաջնագծում է հայտնվել 2000 դոլար վարձավճարի դիմաց, որը, սակայն, չի ստացել: Նախքան ռազմաճակատ բերվելը մասնակցել է ճամբարային հավաքների, իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչներ:
Մինչև աշխարհը կբացի աչքերը կամ կլսի տեղի ունեցածի ու շարունակվողի մասին, թշնամին հարվածում է Հայաստանի հարավային Սյունիքի Դավիթ Բեկ գյուղին:
Թշնամին շարունակում է ռազմական հանցագործությունները, պաշտպանության նախարարության ներկայացուցիչը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ Ադրբեջանի տարածքում խոշոր քաղաքներում տեղակայված են ռազմական նշանակության օբյեկտներ, օդանավակայաններ, որտեղ հանգրվանած Թուրքիային պատկանող ամերիկյան արտադրության F16 կործանիչները սպառնալիք են Արցախի խաղաղ բնակչության համար, ուստի Արցախի Հանրապետության լիարժեք իրավունքն է՝ թիրախավորել և չեզոքացնել մեծ վտանգը: