Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանին փոխանցված Հադրութի 85-ամյա բնակչուհի Եվգենյա Բաբայանը պատմել է Ադրբեջանում իր գերեվարման մասին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Տարեց կինը պատմել է, որ ծնվել ու ամբողջ կյանքն ապրել է Հադրութում: Հոկտեմբերի 16-ին առավոտյան դուրս է եկել իր տան նկուղից ու նկատել Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինվորականների:
«Նրանք ներխուժեցին տուն, սկսեցին քաշքշել թևերս, ասացին, որ կտանեն Բաքու: Ես նրանց ասացի, որ չեմ ուզում ոչ մի տեղ գնալ և ցանկանում եմ մնալ իմ տանը: Սակայն նրանք ինձ ուժով մեքենա նստեցրին ու տարան: Բաքվում ինձ տարան երեք ոստիկանական բաժանմունք: Ամենուրեք ինձ հետ վարվում էին շան նման: Ես ջուր խնդրեցի, սակայն ինձ կես բաժակ թեյ տվեցին՝ իմ առաջ շպրտելով մի կտոր շաքար: Ես ասացի, որ թեյ չեմ խմելու, որ ես շուն չեմ, այլ՝ մարդ»,- պատմել է Բաբայանը:
Բացի այդ, Հադրութի բնակչուհին հայտնել է, որ իրեն ստիպել են տեսախցիկի առաջ քննադատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: