1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի, 27-ի, 28-ի, 29-ի դեպքերի քրոնիկոնը:
Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են
Ժնևում ավարտվել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այն տևել է վեց ժամ: Այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Այլ մանրամասներ խոսնակը դեռ չի հայտնել:
Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք․ ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքում
տեսանյութ է հրապարակել ու նշել․ «Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:
Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»:
Մի քանի բարձունքների ուղղությամբ մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ. Հովհաննիսյան
Այսօր վաղ առավոտյան՝ ավելի վաղ, քան սովորաբար, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են նախաձեռնել մի քանի ուղղություններով։ Այդ մասին ժամը 22։00-ին մեկնարկած ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ նախ հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակի ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ, անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ:Հովհաննիսյանն ասաց, որ ողջ օրը մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս։ Նա ընդգծել է, որ մի քանի բարձունքների ուղղությամբ մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվել են, և այս ուղղությամբ հստակ որևէ բան նշել այս պահին չի կարող։
Ադրբեջանցիները թող մտածեն՝ ինչպես են հադրութեցի պապիկին գնդակահարելուց հետո նրա թոռների հետ ապրելու Արցախում. Հովհաննիսյան
Կապանում, այո՛, մարտական գործողություններ եղել են, հակառակորդը հրետանային միջոցներից կրակ է արձակել այս ուղղությամբ, և կան հետևանքներ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չունի: ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ուսումնասիրվում է հակառակորդի կողմից ֆոսֆորային արկեր կիրառելու հանգամանքը: Հովհաննիսյանը ևս մեկ անգամ աշխարհի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կատարված հանցագործությունների և արգելված զինատեսակների կիրառման փաստի վրա:
Ակնաղբյուր գյուղում սպանվել է մեկ, վիրավորվել 6 խաղաղ բնակիչ. ԱՀ ՄԻՊ
Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը, 6 խաղաղ բնակիչ վիրավոր են՝ գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի միկրոբլոգում: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է դիտմամբ թիրախավորել քաղաքացիական տարածքներն ու բնակչությանը։
Ադրբեջանական զինապահեստների ոչնչացման «հրավառությունը». նոր տեսանյութ
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կիսվել է ադրբեջանական զինտեխնիկայի ոչնչացման «հրավառությունը» ցույց տվող՝ համացանցում տարածված տեսանյութով:
Կանանց առաջին վաշտի մարզումները
«Զինուժ մեդիան» ներկայացրել է տեսանյութ կանանց առաջին վաշտի մարզումների մասին:
Խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է
Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
Ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացումը
Տեսանյութ
Հակառակորդի կորուստները. 30.10.2020 13։00
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով՝ խոցվել են ևս 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա, կա 60 զոհ: Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
ԱՀ ՊԲ-ն ներկայացրել է գերեվարված իսլամիստ-ահաբեկչի հարցաքննությունը
Տեսանյութ
Քարինտակից արևելք ընկած մեկ-երկու գյուղից ադրբեջանական դիվերսանտները մաքրվել են. Հովհաննիսյան
Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ-երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Հակառակորդի զինամթերքի ոչնչացումը
Տեսանյութ
Հյուսիսում թշնամին հետ է շպրտվել՝ թողնելով տասնյակ դիակներ. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ՝ հետ է շպրտվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանն այս գիշեր մահացել է. ՄԻՊ
Քիչ առաջ տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը։ Ցավակցում եմ Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին»,- գրել է ՄԻՊ-ը:
Գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են մեծ քանակությամբ զինամթերք և մարդկային ուժ. ԱՀ ՊՆ
Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել են մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ: Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավարևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ: Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը: Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են՝ առավոտյան հայտնել են ԱՀ ՊՆ-ից։