2021 թ. բյուջեն մոտ 126 մլրդ դրամով կամ շուրջ 300 մլն դոլարով պակաս կլինի 2020 թ. բյուջեից. կառավարությունը հաստատել և խորհրդարանի դատին է ներկայացրել 2021 թ. բյուջեի նախագիծը: Այն մշտական հանձնաժողովներում կքննարկվի նոյեմբերի 2-ից՝ հայտնում է ParliamentMonitoring.am-ը:
2021 թ. կառավարությունը նախատեսել է հավաքել 1 տրլն 569 մլրդ դրամ եկամուտ, այս տարվա բյուջեով նախատեսված 1 տրլն 695 մլրդ դրամի փոխարեն: Ծախսերը, սակայն, չեն կրճատվի այնքան, որքան կրճատվել են եկամուտները՝ նախատեսված է ծախսել 1 տրլն 843 մլրդ դրամ, այս տարվա 1 տրլն 855 մլրդի փոխարեն՝ 12 մլրդով պակաս:
«Կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործում, որպես մշտական քաղաքական իրողություն: Ակնհայտ է, որ այսպիսի քաղաքական նպատակի իրագործումը հնարավոր է միայն ամուր տնտեսական հենքի առկայության դեպքում՝ որպես նպատակ ունենալով նաև մրցակցային տնտեսության զարգացումը և հանրային միջոցների արդար բաշխումը»,- նշված է փաստաթղթում՝ նույնությամբ կրկնելով 2020 թ. բյուջեի մասին օրենքի նույն հատվածը։
Տնտեսական անկում, պարտքի ավելացում
Թեև 2020 թ. մեր երկրում և ողջ աշխարհում առկա է տնտեսական ճգնաժամ, կառավարությունը կանխատեսում է, որ հաջորդ տարի ՀՀ տնտեսությունը կգրանցի 4,8 տոկոս աճ: Ի դեպ, բյուջեի նախագծում կանխատեսվում է, որ այս տարի կորոնավիրուսի համաճարակի հետևանքներով պայմանավորված՝ ՀՀ-ն կունենա 6 տոկոս տնտեսական անկում: Մասնավորապես, ծառայությունների, շինարարության և արդյունաբերության ճյուղերը այն կկազմի համապատասխանաբար 6.9, 17.6 և 1 տոկոս: Գյուղատնտեսությունը կաճի 0.7 տոկոսով: Այդուհանդերձ, ենթադրվում է, որ 2021թ. ծառայությունները կաճեն 4.1, արդյունաբերությունը՝ 5.2, շինարարությունը՝ 4.9 իսկ գյուղատնտեսությունը՝ 3.9 տոկոսով:
Կանխատեսվում է նաև, որ այս տարի համավարակի պատճառով ներդրումները կնվազեն 12.9 տոկոսով, 2021թ. մասամբ կվերականգնվեն՝ աճելով 5.3 տոկոսվ:
2021 թ. դեֆիցիտը կազմելու է 274 մլրդ դրամ: 2020 թ. բյուջեով դեֆիցիտը կազմում էր 160 մլրդ դրամ, բայց համաճարակի արդյունքում առաջացած տնտեսական ճգնաժամի և հարկային եկամուտների նվազեցման պատճառով կառավարությունը ապրիլի 20-ին փոփոխություն կատարեց և դեֆիցիտը գրեթե կրկնապատկեց՝ հասցնելով 324 մլրդ դրամի: Այս փոփոխությունների արդյունքում կավելանա պետական պարտքը՝ հաջորդ տարեվերջին կազմելով շուրջ 9,2 մլրդ դրամ կամ կամ ՀՆԱ-ի 66.8%-ը:
Հարկերը, որոնք եկամուտների գերակշիռ մասն են կազմում, նախատեսվում է հասցնել ՀՆԱ-ի 22,3 տոկոսին՝ այս տարվա համար նախատեսված 22,6-ի փոխարեն: Այսինքն, կառավարությունը 0,3 տոկոսային կետով նվազեցնում է այդ ցուցանիշը: Նշենք, որ ԱՄՀ-ն ՀՀ կառավարությանը խորհուրդ է տալիս տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը բարելավել 0,3-0,4 տոկոսով, իսկ հարկեր/ՀՆԱ-ն այն ցուցանիշն է, որը ցույց է տալիս տնտեսության մեջ ստվերի առկայությունը:
Կառավարությունը 2021թ. բյուջեի նախագիծը ԱԺ է ներկայացրել հոկտեմբերի 1-ին, երբ Ադրբեջանն արդեն հարձակվել էր Արցախի վրա, բայց այն մշակվել է նախորդած ամիսներին: Այսինքն՝ բյուջեի նախագիծը չի կրում պատերազմի բացասական հետևանքների ազդեցությունը, եկամուտների ու ծախսերի կրճատումը պայմանավորված է հիմնականում COVID-19-ի առաջացրած տնտեսական ճգնաժամի բացասական սպասումներով:
Խոշոր ծախսերը
Ինչպես միշտ՝ բյուջեում ծախսի ամենամեծ բաժին է սոցիալական պաշտպանությանն է, որին 2021թ. հատկացվել է 497,7 մլրդ դրամ: Սա 10 667.0 մլրդով ավելի է այս տարվա նույն ցուցանիշի համեմատ: Խոշոր ծախսերի հերթականությունը չի փոխվել՝ մեծությամբ երկրորդ գումարը հատկացվել է ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին` 393,5 մլրդ դրամ՝ այս տարվա 347 մլրդ դրամի փոխարեն:
Ծախսերի երրորդ ահռելի մասը բաժին է հասել պաշտպանության ոլորտին` 312,1 մլրդ դրամ՝ 310 մլրդի փոխարեն: Կրթության և առողջապահության ոլորտներին համապատասխանաբար հատկացվել է 153,4 մլրդ և 114,7 մլրդ դրամ՝ անցած տարվա 163 մլրդ և 111 մլրդի փոխարեն: Ավելացել է նաև պետական պարտքի սպասարկումը՝ 191,7 մլրդ դրամ. անցնողը 169 մլրդ դրամ էր:
Հանրային իշխանության մարմինների աշխատողների աշխատավարձի ֆոնդը 2021 թ. համար ծրագրվել է 89 մլրդ դրամի չափով, որը 2020-ի ծրագրվածից ավելի է 2,4 մլրդ դրամով:
Բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսության կառուցումը, ըստ բյուջեի նախագծի, շարունակում է մնալ արդիական՝ որպես ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախանշված հիմնական ուղենիշ: «Այդ ճանապարհին արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները՝ մարդկային ներուժի զարգացման և հուսալի ենթակառուցվածքների ձևավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետության բարձրացման ու տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունների համար նախադրյալների ստեղծումը: Մշտապես փոփոխվող արտաքին և ներքին մարտահրավերների միջավայրում հենց այս առանցքային խնդիրների լուծմանն են միտված իրականացվող միջոցառումները»,- նշված է 2021 թ. բյուջեի նախագծի ուղերձում: