Վաղը՝ հոկտեմբերի 31-ին, Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երկրի տարածքում կբացվի 3657 ընտրատեղամաս: Կարանտինային գոտում կամ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողների համար ստեղծվել են 127 հատուկ հանձնաժողովներ:
Ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 58 քաղաքական կուսակցություն և երկու նախընտրական դաշինք: Խորհրդարանի 150 տեղի համար պայքարում է 5000 թեկնածու:
2020 թվականի սեպտեմբերի 9-ի տվյալներով՝ Վրաստանում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 511 338 քաղաքացի: Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը՝ 120/30 ընտրական համակարգով: Ընտրողները կստանան երկու քվեաթերթիկ, որոնցից մեկում պետք է նշեն իրենց նախընտրած մեծամասնական թեկնածուին, մյուսում՝ կուսակցությունը:
Ընտրական գործընթացը բոլոր ընտրատարածքներում պետք է ընթանա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները: Ընտրողներին կտրվեն դիմակներ ու գրիչներ: