Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
ՀՀ վարչապետն ԱՄՆ նախագահի խորհրդականի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված բոլոր նորմերը և անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, երեք անգամ անընդմեջ խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնցից վերջինը ձեռք էր բերվել ԱՄՆ մայրաքաղաքում:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցում Ադրբեջանին սատարում է Թուրքիան, և հնարավոր չէ ապահովել հրադադարի պահպանումը` առանց մատնանշելու, թե որ կողմն է խախտել այն, և ովքեր են շահագրգռված պատերազմի շարունակմամբ:
Ամերիկյան կողմը հավաստիացրել է, որ շարունակելու է միջնորդական գործունեությունը հրադադարի հաստատման ուղղությամբ, և կարևորել է հակամարտության մեջ երրորդ ուժերի ներգրավվածության բացառումը: