Հաց թխող արցախցի կանայք հացի հետ նաև լավատեսություն են փոխանցում: Տագնապի ազդանշանի դեպքում անգամ հացի արտադրամասերը Ստեփանակերտում շարունակում են աշխատել: Հացն անվճար տրամադրում են բոլորին, մատակարարում հիվանդանոցներին:
Հացի գործարաններին հումքն ապահովում է Արցախի կառավարությունը, մնացած հարցերը հոգում են սեփականատերերը: Լենա Գաբրիելյանը հիշում է՝ գոյամարտի տարիներին ռազմաճակատի հացը թխում էին տներում: Կար շրջափակում, բայց հաղթեցինք:
Օրական 500 մեծ հաց թխելով՝ արտադրամասի աշխատակիցները փորձում են օգտակար լինել բոլորին: Առավել ուրախ են, որ հաց են ապահովում զինվորականներին ու կամավորականներին: Արմինեի որդին առաջնագծում է: Ասում է՝ իր բաժին պայքարն էլ թիկունքում է:
Արցախցիները լավատես են ու համոզված՝ այս պատերազմում էլ կհաղթենք հավաքական ուժով: