2020 թվականի հոկտեմբերի 30-ին Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արման Դիլանյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի Խորհրդի «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիաննի Բուքիքիոն՝ հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից:
«Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ նոր պաշտոնում՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանի Դահմանադրական դատարանը և Վենետիկի հանձնաժողովը ավանդաբար ունեցել են գերազանց հարաբերություններ, և Ձեր դատարանը մասնակցում է մեր «Սահմանադրական արդարադատության միասնական խորհրդի» աշխատանքներին»,- իր ուղերձում մասնավորապես նշում է Ջիաննի Բուքիքիոն։
Իր պատասխան նամակում ՍԴ նախագահ Արման Դիլանյանը բարձր է գնահատել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի դերը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների շարունակական ամրապնդման նպատակով իրականացվող համապարփակ բարեփոխումներում։
«Վերահաստատում եմ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակելու Հայաստանի Սահմանադրական դատարանի վճռականությունը և ակնկալում եմ, որ մոտ ապագայում կկարողանանք որակապես նոր լիցք հաղորդել մեր երկկողմանի գործակցության օրակարգին՝ միտված ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու իրավունքի գերակայության երաշխավորմանը»,- հավելել է ՍԴ նախագահը։