Մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ամբողջ երկայնքով: Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է մարտական դիրքերի բարելավում իրականացնել: Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները:
Ադրբեջանը, խախտելով բոլոր հումանիտար զինադադարները, շարունակում է ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ՝ թիրախավորելով հատկապես կենսական ենթակառուցվածքները: Հայտարարությամբ է հանդես եկել ԱԳՆ-ն՝ դատապարտելով համավարակի պայմաններում բժշկական հաստատությունների թիրախավորումը: Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 30-ին կմեկնի Ժնև:
Սեպտեմբերի 28-ից Արցախի հարավային ռազմաճակատում թշնամու դեմ պայքարող Միքայել Միքայելյանը կարճ ժամանակով տուն է եկել: Ոգևորված է մեր տղաների գրագետ և կազմակերպված գործողություններից: Եկել է կոչ անելու՝ լինել միասնական, չթողնել, որ թշնամու երազանքը իրականություն դառնա:
Թեև մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց խնդիրը չի փոխվել՝ պետք է պաշտպանել հայրենիքը: Պայքարը երկար է, ծանր: Վերջնական հաղթանակի համար Միքայելը կոչ է անում կամավորագրվել՝ հանուն վաղվա խաղաղ լուսաբացի: