«Արմենիա» ավիաընկերության հերթական օդանավն է՝ «Զվարթնոցում» դիմավորում են մարդասիրական բեռով:
Գևորգ Խաչատրյան («Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն) - Վերջին 30 օրվա ընթացքում ավիաընկերությունն իրականացրել է 25 չվերթ, որով տեղափոխել է Հայաստան մոտավորապես 110 տոննա հումանիտար օգնություն:
Այս օրերին ընկերությունը մարդասիրական օգնությունը տեղափոխում է անվճար: Պատրաստ է կրկնակին անել, եթե գործընթացը լինի ավելի կազմակերպված: Օգնողները շատ են, սակայն բեռնափոխադրման համար դիմում են ուղիղ ավիաընկերությանը, մինչդեռ անհրաժեշտ է տեղափոխվող բեռի համար ճիշտ հասցեով դիմել՝ ասում է ավիաընկերության փոխտնօրենը:
Գևորգ Խաչատրյան - Ուղարկողը պետք է դիմի Ռուսաստանի պարագայում Հայաստանի դեսպանատուն Մոսկվայում, որպեսզի դեսպանության աջակցությամբ բեռի ամբողջ փաստաթղթերի ձևակերպումը իրականացվի, նշվեն ստացողները Հայաստանում:
Եղել են չվերթեր, երբ օդանավը թերբեռնված է եկել, մինչդեռ այդքան անհրաժեշտ ապրանքը մնացել է Ռուսաստանում: Մարդասիրական նպատակով Հայաստան եկող բեռն ազատված է մաքսատուրքից, սակայն որպեսզի կարգը գործի, անհրաժեշտ է, որ բեռի փաստաթղթերում նշված լինի՝ ով է ստացողը: Ավիաընկերությունը հորդորում է Ռուսաստանի հեռավոր քաղաքներից բեռը մոտեցնել գոնե Մոսկվայի ու Մինվոդիի օդանավակայաններ:
Գևորգ Խաչատրյան - Ավիաընկերությունը պատրաստակամ է նշված քանակի ուղեբեռները լիովին անվճար տեղափոխել Հայաստան:
Լինի Ֆրանսիայից թե Կիպրոսից՝ ընկերությունը պատրաստ է տեղափոխել նույն կարգով: