«Իմ հիմնական ուղերձը հետևյալն է. ցավոք, մի «իքս» պահից՝ դա մոտավորապես 2000-ական թվականներն էր, համաշխարհային մամուլում Լեռնային Ղարաբաղի հարցը սկսեցին ներկայացնել որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իրականում, Լեռնային Ղարաբաղի հարցը ոչ մի կապ չունի տարածքային վեճի հետ: Մինչդեռ դրանից 10, 12 տարի առաջ սկսված Ղարաբաղյան շարժումը համարվում էր այն նախադրյալը, որի արդյունքում փլուզվեց Բեռլինի պատը: Որովհետև Ղարաբաղի շարժումը սկսել է որպես Խորհրդային միության ժողովրդավարացման արտահայտություն»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ եվրոպական լրատվամիջոցներին տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ ի՞նչ ուղերձ ունի աշխարհին:
«Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայությունը, որը, ինչպես միշտ, այդ տարածաշրջանի բնակչության 80 տոկոսն էր, Խորհրդային միության ժողովրդավարացման համատեքստում, երբ Միխայիլ Գորբաչովն Խորհրդային միությունում իրականացնում էր ժողովրդավարացում և վերակառուցում, որոշեց իր իրավունքը պաշտպանելու փորձ անել: Իսկ ի՞նչ իրավունք էր խախտվել: 20-րդ դարասկզբին, երբ Խորհրդային միությունն էր ձևավորվում, և Հարավային Կովկասը մտնում էր Խորհրդային միության մեջ, ձևավորվում էին հանրապետություններ, Ստալինի կամայական որոշման հետևանքով 80 տոկոս բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը ոչ թե Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկվեց, այլ Խորհրդային Ադրբեջանի: Եվ 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն խորհուրդը՝ խորհրդարանը, որոշեց այդ պրոցեսն ուղղելու բացարձակապես խաղաղ գործընթաց սկսել: Ինչին Խորհրդային միությունը և Ադրբեջանն արձագանքեցին ուժով, մասնավորապես՝ Սումգայիթ և Բաքու քաղաքներում հայերի ջարդ կազմակերպելով և հետո նաև Լեռնային Ղարաբաղի անմիջական տարածքում: Որից հետո տեղի ունեցավ Խորհրդային միության փլուզման պրոցեսը, և Ադրբեջանը հայտարարեց անկախություն Խորհրդային միությունից:
Իսկ Խորհրդային միությունում գործող կարգերի համաձայն, եթե որևէ հանրապետություն Խորհրդային միությունից անկախանալու գործընթաց է սկսում, նրա կազմում գտնվող միավորումները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, կարող են որոշում կայացնել իրենց սեփական կարգավիճակի վերաբերյալ: Եվ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը նույնպես կայացրել է անկախ լինելու որոշում: Եվ, ինչպես Խորհրդային Ադրբեջանն է անկախացել Խորհրդային միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է անկախացել Խորհրդային Ադրբեջանից: Եվ ինչքան Խորհրդային Ադրբեջանն ուներ այդ իրավունքը, այնքան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ուներ այդ իրավունքը:
Եվ, այո, ասում են, որ միջազգային հանրությունն այդ անկախացումը չի ճանաչել: Լեռնային Ղարաբաղի հայության պայքարը հենց այդ իրավունքը ճանաչելու վերաբերյալ է»,- մեկնաբանել է ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով, այսօր, երբ Լեռնային Ղարաբաղը դարձել է, ըստ էության, հակաահաբեկչական պատերազմի առաջնագիծ, այդ իրավունքն ավելի է սրվում:
«Եվ մենք կարծում ենք, որ առավել ևս հիմա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը: Որովհետև Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ՝ դա նշանակում է էթնիկ զտումներ և Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն: Ես, ինչքան գիտեմ, Դուք եղել եք Ղարաբաղում և տեսել եք հրթիռակոծությունները: Հենց դա է այդ հարցի պատասխանը: Մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչո՞ւ է հրթիռակոծվում Ստեփանակերտը: Մի պարզ պատճառով, որպեսզի մարդիկ հրաժարվեն այնտեղ ապրելու գաղափարից: Սա էթնիկ զտման, ցեղասպանության մի շատ կարևոր բանաձև է: Եվ մեր հիմնական ուղերձն այն է, որ պետք է տեղի ունենա «անջատում հանուն փրկության»: