Էլեկտրոնային հաղորդագրությունների արշավից հետո այս անգամ հարյուրավոր հայեր ցույց են արել Կալիֆոռնիայի Հոթորն քաղաքում SpaceX-ի կենտրոնակայանի դիմաց՝ ընդդեմ Թուրքիայի կառավարության հետ ընկերության արբանյակային գործարքի:
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասին հայտնում է ABC7-ը:
SpaceX-ը նախատեսում է նոյեմբերի 30-ին Ֆլորիդա նահանգից գործարկել Turksat-5A արբանյակը: Նշվում է, որ արբանյակը կառուցվել է Airbus Defence-ի և Space-ի կողմից և ներկայացվել է, թե նախատեսված է «Թուրքսաթ» պետական ընկերության հեռուստատեսային հեռարձակման և հարակից հաղորդակցությունների մեջ օգտագործելու համար:
Բողոքի ակցիա իրականացնողները հավատացած են, որ արբանյակը Թուրքիայի կառավարության կողմից կարող է օգտագործվել ռազմական նպատակներով: Հոդվածում հիշեցվում է, որ Թուրքիան ներկայումս օգնում է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում:
Ավելի վաղ աշխարհի տարբեր ծայրերից հայերը SpaceX-ին ուղղված էլեկտրոնային նամակների արշավին էին սկսել: SpaceX-ի աշխատակիցների էլեկտրոնային փոստերը հեղեղվել են նամակներով՝ կոչ անելով ընկերությանը չեղյալ հայտարարել Թուրքիայի կառավարության հետ կնքած գործարքը՝ դրանով իսկ չօգնելով Էրդողանի ռեժիմին: