Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ձեռնարկում է միջոցներ՝ Ադրբեջանում մահացած հայ գերի Միշա Մելքումյանի դին հնարավորինս արագ Հայաստան տեղափոխելու համար: Կոմիտեն կապի մեջ է ընտանիքի հետ:
Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Ժամկետների մասին դժվարանում եմ մեկնաբանել, կարող եմ ասել, որ այս պահի աշխատանքները տարվում են, որպեսզի հնարավորինս արագ, կողմերի հետ համաձայնեցված կարողանանք դա կատարել:
Զառա Ամատունու խոսքով՝ չնայած պայմանավորվածությանը, առողջական վիճակի պատճառով տարեց տղամարդուն, ցավոք, հնարավոր չեղավ ավելի վաղ տեղափոխել Հայաստան: Ադրբեջանում գերեվարված մյուս քաղաքացիական անձը՝ տարեց կինը, Վրաստանի սահմանով չորեքշաբթի տեղափոխվեց Հայաստան: Ռուսաստանի միջնորդական ջանքի շնորհիվ Կարմիր խաչի և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին փոխանցվեց նաև զոհված 29 զինծառայողի մարմին:
Զառա Ամատունի - Շարունակում ենք կապի մեջ մնալ և քննարկել տարբերակները կողմերի հետ և ողջունում ենք հնրարավորությունը որքան հնարավոր է՝ շուտ կրկնել գործողությունը, որովհետև սա անչափ կարևոր է:
Այս իրավիճակում դա մարդասիրական գլխավոր խնդիրներից է: Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից ե՞րբ կլինի Ադրբեջանում պահվող քաղաքացիական ու զինվորական անձանց հաջորդ այցելությունը, դեռևս հայտնի չէ: Քննարկվում է դրա անհրաժեշտությունը:
Զառա Ամատունի - Որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին անհապաղ տրվեն անուններ այդ բոլոր անձանց, որոնց մասին ստանում ենք լուրեր համացանցից կամ համացանցից, կարևոր է, որ գրանցվեն, այդ մարդկանց սկսենք այցելել բոլոր պարտավորությունների ներքո, որ ունեն կողմերը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները կողմերի հետ կապի մեջ են՝ շարունակելու նաև այցերը էսկալացիայից առաջ Ադրբեջանում հայտնված Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին: