Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Երկուստեք անհանգստություն է արտահայտվել դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ՝ դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար:
ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ, և կարևորել է Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում:
Իրանի փոխարտգործնախարար Արաղչին ներկայացրել է իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն:
Իր հերթին՝ ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին տեղեկացրել է հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին: