Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ այս օրերին տեղի են ունենում բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնցից ստացված հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Առաջին համերգը կայացավ այսօր։ Մոտ 30 րոպե տևողությամբ համերգային ծրագրում հնչել են ՀՀ ազգային օրհներգը‚ Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի»‚ Ռուբեն Ալթունյանի «Քոչարի» և «Բերդ պար»‚ Էդգար Հովհաննիսյանի «Սարդարապատի քաջեր»‚ Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան»‚ Արմեն Պողոսյանի «Վասն հայրենյաց»‚ Արմեն Սմբատյանի «Հայաստան» ստեղծագործությունները‚ Էդուարդ Բաղդասարյանի Նոկտյուրնը‚ «Գինի լից» և «Արի իմ սոխակ» ժողովրդական երգերը։
Շուշան Պետրոսյանի կատարմամբ ներկայացվել է նաև «Անունս Արցախ է» երգի պրեմիերան (երաժշտություն՝ Արման Ղազարյանի‚ խոսք՝ Ավետ Բարսեղյանի)։ Հեղինակներն ու երգչուհին երգը նվիրել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հայտարարեց, որ «Անունս Արցախ է» ստեղծագործությունն այսուհետև կդառնա հիմնադրամի հիմնը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և նրա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին այս կարևոր նախաձեռնության համար, որն ուղղված է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության ապահովմանը։ Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը նկատեց նաև‚ որ գեղեցիկ երաժշտական կատարումներով թիկունքից դրական էներգիա են փոխանցում առաջնագիծը պահող մեր տղաներին ու աղջիկներին։
Շուշան Պետրոսյանը նշեց‚ որ ցանկացած նախաձեռնություն‚ որ ծառայում է հայ զինվորին‚ մեծ գնահատանքի է արժանի. «Մեր բոլորի աղոթքները պետք է հնչեն ամբողջ գիշեր‚ մենք դատապարտված ենք հաղթելու։ Աստված լուսավորի բոլոր զոհված տղաների հոգիները։ Հրեշտակների շատ հզոր բանակ ունենք‚ և նրանք միշտ մեզ հետ են»։ Խոսելով «Անունս Արցախ է» երգի պատմության մասին՝ երգչուհին նկատեց‚ որ այն ստեղծվել է մի գիշերվա ընթացքում. «Երգը լի է սիրով‚ անկեղծությամբ։ Ոչ մի հնչյուն‚ ոչ մի բառ հենց այնպես գրված չէ։ Ամեն ինչ Արցախի և առ Արցախ սիրո մասին է»։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը տեղեկացրեց‚ որ նվագախմբի երաժիշտներից նույնպես գտնվում են ռազմաճակատում‚ և այս օրերին նվագախմբի ամբողջ աշխատանքն ուղղված է բանակին‚ զինվորին օգնելուն։
Բազմաթիվ քաղաքացիներ տեղում կատարում էին հանգանակություն‚ առցանց հանգանակություն հնարավոր է իրականացնել https://donate.armsymphony.am/ կայքի միջոցով։
Բարեգործական համերգներ կկայանան նաև հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17.00‚ Կասկադում, նոյեմբերի 1-ին՝ ժամը 17.00‚ Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածք), նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00‚ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ (Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգի)։
Համերգների ինֆորմացիոն հովանավորն է PARA TV-ն‚ հեռարձակման հովանավորն է «Ռոստելեկոմը»։ Ձայնային և տեխնիկական սպասարկումն ապահովում են «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնը‚ «Օն օֆ» կազմակերպությունը, հնչյունային ռեժիսոր՝ Գրիշա Օհանյան։
Համերգները հեռարձակվում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆեյսբուքյան էջերով։