Գրականության և արվեստի թանգարանի փոքրիկ կամերային դահլիճում արցախցի երեխաները մոռացել են պատերազմի, ռմբակոծված բնակավայրերի, առաջնագծում գտնվող հայրիկների ու եղբայրների մասին և ամբողջությամբ միաձուլվել են հեքիաթի սյուժեին:
Անի Ամսեյան - Հակոբ Մազլումյան ստեղծագործական-ամուսնական զույգի ինտերակտիվ թատրոնը նոր մտածողությամբ, նոր հեղինակներով ու շատ ճկուն ներկայացումներով արդեն մի քանի տարի փոքրիկ հանդիսատեսին է ներկայանում նոր սերնդի տարբեր հեքիաթագիրների ստեղծագործությունների հիման վրա ստեղծված ներկայացումներով:
Պատերազմի սկզբից ընդամենը 2 օր անց նրանք սկսեցին ներկայացումների շարքը Արցախի երեխաների համար. այցելում են կացարաններ կամ նրանց հյուրընկալում թանգարանում:
Օրվա ներկայացումը Լիլիթ Ալթունյանի «Կապույտ աղվեսը» հեքիաթն է, որը շատ սրտամոտ է արցախցի փոքրիկներին:
Ամբողջ ներկայացման ընթացքում երեխաների կենդանի շփումն ու ակտիվ մասնակցությունը սյուժեի զարգացումներին նրանց վերածել են ինտերակտիվ հեքիաթի գործող հերոսների ու մեծ բավականություն պատճառել:
Այն ամենը, ինչ տեսել, զգացել ու ապրել ենք պատերազմի մեկ ամսվա ընթացքում, բանաստեղծ Անի Ամսեյանը ներհայեցողության ու կուտակումների շրջան է համարում: Չգիտի՝ երբևէ կարո՞ղ է գրել այդ մասին:
Առաջիկա օրերին կներկայացվեն նաև Լուսինե Շահնազարյանի «Թարս թզուկը» և Արմեն Գրիգորյանի «Կանը և կախարդական բանալու գաղտնիքը» հեքիաթները. այս թատրոնի ներկայացումներին այս պահին սպասում են 300-ից ավելի արցախցի փոքրիկներ: