ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի փրկարար ծառայողի օրվա առթիվ:
«Ավանդաբար հոկտեմբերի 30-ին մենք նշում ենք Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական տոնը:
Տրամադրությունը տոնական չէ, քանի որ մեր երկրին պատուհասած պատերազմական աղետը փոխեց մեր կյանքի ընթացքը, բայց ոչ փրկարարի գործառույթը:
Արցախի փրկարարներն այս դժվար օրերին, ավելի քան երբևէ՝ հերոսական աշխատանք են կատարում: Թշնամու արձակած հրթիռների ու կրակահերթի տակ յուրաքանչյուր ծառայող գերակատարում է իր առջև դրված խնդիրը և պատվով ու պատասխանատվությամբ ծառայում հայրենիքին ու ժողովրդին:
Սակայն, գերլարված ու ծանրաբեռնված առօրյան առ ոչինչ է այն շնորհակալական ու օրհնության խոսքերի դիմաց, որ լսում ենք ամեն օր:
Ուստի, հոգով փրկարար լինելն ապրելակերպ է, որն իր մեջ ամփոփում է մարդասիրություն ու բարություն:
Երախտագիտություն եմ հայտնում համակարգի ողջ անձնակազմին, մեր հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու և այս դժվար ժամանակահատվածում՝ բացառիկ նվիրվածության համար:
Հպարտ եմ, որ ունեմ Ձեզ նման համածառայակիցներ:
Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ:
Նույնն է բոլորիս ցանկությունը. մաղթում եմ մեր երկրին խաղաղություն և ամենայն բարիք բոլորիս օջախներին»,- ասված է ուղերձում: