Գլենդել քաղաքում բնակվող հայ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը որոշել է Հայրենիքին օգնել նկարելով։ Նա 12 կտավ է վաճառել և հասույթը՝ 33000 դոլար, փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
«Բոլոր նկարներս պատրաստ եմ տալ, միայն թե մի բանով կարողանամ օգտակար լինել իմ երկրին։ Ցուցահանդեսը կազմակերպել ենք 4 օրում, հրավիրել էինք համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներին»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում պատմել է նկարիչը։
Նիկոլ Աղաբաբյանը կարծում է, որ ակցիան ազդակ կարող է լինել մյուս նկարիչների, արվեստագետների համար, որպեսզի հնարավորինս կարողանան աջակցել Հայաստանին և Արցախին։
«Պիտի գնանք սահման՝ մտքով, փողով, ֆիզիկապես։ Եթե հիմա հաղթանակած դուրս եկանք, հաղթանակած կլինենք ամբողջ տարածաշրջանում, և մեզ հետ ուժի դիրքերից այլևս ոչ ոք չի համարձակվի խոսել»,- ասել է Աղաբաբյանը։
Գեղանկարիչը համոզված է՝ նախաձեռնությունը շարունակվելու է։ Որոշել են հետագայում կրկին ցուցահանդեսներ կազմակերպել և հասույթը փոխանցել հիմնադրամին։