Սնունդը զինվորին՝ օրապահիկի տեսքով: Բանակին սնունդ մատակարարող ընկերությունը հիմա գործն այլ ձևաչափով է անում: Կանաչ, կարմիր ու կապույտ փաթեթներում չփչացող, հիմնականում չոր սնունդ է, նաև ջուր ու ծխախոտ: Այս կանայք պատերազմի առաջին օրվանից աշխատում են հերթափոխով՝ օրը 24 ժամ: Մեկի որդին է ռազմաճակատում, մյուսի ամուսինը կամ եղբայրը:
Լուսինե Ստեփանյան - Մենք համոզված ենք, որ Աստծո զորությամբ հաղթելու ենք անպայման, սա էլ թող մեր զավակներին մեր մայրական ձեռքերի օրհնությունը լինի Աստծո հետ:
Ընկերությունն օրական շուրջ 80 տոննա մթերք է ուղարկում ռազմաճակատ. յուրաքանչյուր պարկը մեկ զինվորի համար է: Ինչ էլ լինի, տեղ են հասցնում:
Անահիտ Գևորգյան («Սնունդ բանակին» ծրագրի համակարգող խորհրդի անդամ) - Ամեն օր մեքենան կրակի, հրետակոծությունների միջով սնունդը հասցնում է զինվորին, բայց դրանից չենք հուսահատվում, շարունակում ենք աշխատել: Այո, ունենում ենք և վիրավորներ, ունեցել ենք և զոհեր, բայց դրանից չեն ընկճվում և հուսահատվում, և սնունդը հասցնում ենք ամեն օր:
Աջակցության փաթեթները նաև ապաստարանների բնակիչների համար են: Տեսականին կազմում են՝ հաշվի առնելով մթերքի կալորիաները:
Անահիտ Գևորգյան - Ժամկետի խնդիր՝ որպես էդպիսին, չենք ունենում: Առաջնայինը սննդարարության հարցն է, որպեսզի օրապահիկի սնունդը սննդարար լինի զինվորի համար: Կարևորում ենք քաղցրեղենը, կարագը, մեղրը, միրգը:
Ալինա Սարգսյան - Ինչ հավատով եք անում. շատ մեծ, որ հաղթելու ենք: Անպայման: Ուժ ու կորով մեր զինվորներին, սնունդը հասնի նրանց, առողջ վերադառնան իրենց ծնողների մոտ:
Շաբաթը 7 օր, 24 ժամ այստեղ կփաթեթավորեն ու օրապահիկները կուղարկեն Արցախ՝ ռազմաճակատում պատերազմը թշնամուն արժանի հակահարված տալու և հաղթելու կարևոր ուղերձով: