Կապանում, այո՛, մարտական գործողություններ եղել են, հակառակորդը հրետանային միջոցներից կրակ է արձակել այս ուղղությամբ, և կան հետևանքներ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չունի:
ՊՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ ուսումնասիրվում է հակառակորդի կողմից ֆոսֆորային արկեր կիրառելու հանգամանքը: Հովհաննիսյանը ևս մեկ անգամ աշխարհի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կատարված հանցագործությունների և արգելված զինատեսակների կիրառման փաստի վրա:
«Արցախահայությունը ենթարկվել է ագրեսիայի, և եթե որևէ մեկը կարծում է, որ Արցախը իրավունք չունի Ադրբեջանի տարածքում ոչնչացնելու այն թիրախներըր, որտեղից իրականացվում է ագրեսիան, պետք է ուղղակի երկար մտածի այդ մասին: Ադրբեջանի խոշոր քաղաքներում տեղակայված օդանավակայաններում են գտնվում թուրքական F-16 ինքնաթիռները, որոնցից թիրախավորվում են խաղաղ բնակավայրերը:
«Հաստատ Շուշիի եկեղեցուն սխալմամբ չեն կպել, հաստատ Ստեփանակերտի ծննդատանը սխալմամբ չեն կպել, և այսքանից հետո խոսվում է արցախահայության խաղաղ համակեցության մասին Ադրբեջանի կազմում, դա ուղղակի ծիծաղելի է: Ադրբեջանցիները թող մտածեն՝ ինչպե՛ս պետք է հադրութեցի պապիկին գնդակահարելուց հետո նրա թոռների հետ ապրեն Արցախում, որն ուզում են գրավել»,- ասաց Հովհաննիսյանը: