1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի, 27-ի, 28-ի դեպքերի քրոնիկոնը:
Մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ գրանցել․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ
«Այսօր մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ամբողջ երկայնքով, բայց ոչ մեծ ինտենսիվությամբ։ Նախ հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի ռազմական գործողություններ։ Մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ գրանցել։Բացի դրանից՝ Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում անտառային զանգվածի, փոքր բնակավայրերի հարակից տարածքներում շարունակվում են մարտական գործողությունները։ Այսօր դրանք ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղի տարածքի ու հարակից բլուրների ու անտառային զանգվածներում։ Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է առանձին մարտավարություն, ինչը սովորական համազորային մարտի կամ 5-րդ սերնդի պատերազմին բնորոշ մարտեր չեն»,- տեղեկացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների անուններ
ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անուններ։
Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում. ԱՀ ԱԻՊԾ
Լուսաբացին հրթիռակոծվել է Ստեփանակերտը։ Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ տուն։ Տան տերն ու հարևանը վիրավորվել են։ Հարվածից վնասվել են գազատար խողովակն ու էլեկտրական լարերը և մեկ ավտոմեքենա։ Կեսօրին ևս «Սմերչ» կայանքից հրթիռներ են արձակվել մայրաքաղաքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:«Կեսօրին Ադրբեջանը հրթիռակոծել է բերդաքաղաք Շուշին։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ։ Թշնամին նաև նյութական վնասներ է պատճառել խաղաղ բնակչությանը։Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Տուժածներ այստեղ չկան։ Ավիահարվածներից քաղաքներում և հարակից բնակավայրերում ավերածությունները շատ են։Գրեթե բոլոր բնակավայրերում այսօր մի քանի անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը»,-
ասված է հաղորդագրության մեջ:
Շուշիի՝ այսօրվա հրթիռակոծության հետևանքները
Լուսանկարներ։
Հակառակորդի կորուստները․ ինֆոգրաֆիկա
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները, ըստ որոնց՝ խոցվել է ևս 3 ԱԹՍ, 14 զրահատեխնիկա, կա 105 զոհ:
Հայկական կողմին է փոխանցվել 30 զոհված զինծառայողի մարմին․ ՀՀ ՊՆ խոսնակ
«Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմինները: Միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ»,- տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ադրբեջանը թքած ունի սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ. ՊԲ
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ: «Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածություններն այն դեպքում, երբ մարտական գործողությունների ընթացքում ոչնչացված վերջինիս հազարավոր դիակներ արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում:Նման պահվածքով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս, որ թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ»,- ասված է ԱՀ ՊԲ հայտարարության մեջ:
ՊԲ-ն ներկայացրել է Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը
Ռազմական նշանակետերը։
Մարտակերտի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա. ԱՀ ԱԻՊԾ
Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա։ Կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան՝ տեղեկացրել են Արցախի ԱԻ պետական ծառայությունից:
Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և Մարտակերտում օդային տագնապ է եղել
Մեկ ժամից ավելի տևած օդային տագնապի ընթացքում ադրբեջանական ուժերը «Սմերչի» հրթիռներով հարվածել են Ստեփանակերտին։ Մայրաքաղաքում այս պահին ևս միացել է տագնապի ազդանշանը։ Օդային տագնապ է եղել նաև Ասկերանում, Մարտունիում և Մարտակերտում՝ տեղեկացրել են ԱՀ ԱԻ պետական ծառայությունից:
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների անուններ
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ:
Ստեփանակերտում հրթիռի հերթական ձայնը լսվել է 08:03-ին. կա երկու վիրավոր. ԱՀ ԱԻՊԾ
Առավոտյան ժամը 8:00-ին Ստեփանակերտում հայտարարվել է օդային տագնապ: Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Ժամը 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը: Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա: Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն»,- գրված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության բանակը թեժ մարտեր է մղում հատկապես Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում. Վահրամ Պողոսյան
Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվել են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Պաշտպանության բանակը, հատկապես, թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ»,- գրել է նա։
«Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը. ԱՀ ՊՆ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Հայտնում են ԱՀ ՊՆ-ից։ Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը: Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով վերահսկողության տակ: