Այսօր վաղ առավոտյան՝ ավելի վաղ, քան սովորաբար, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են նախաձեռնել մի քանի ուղղություններով։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ նախ հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակի ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ, անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ:
Հովհաննիսյանն ասաց, որ ողջ օրը մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս։ Նա ընդգծեց, որ մի քանի բարձունքների ուղղությամբ մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվել են, և այս ուղղությամբ հստակ որևէ բան նշել այս պահին չի կարող։
«Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին գործընթացներ։ Առաջինը՝ Մարտունի-Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել բավական ինտենսիվ մարտական գործողություններով՝ հիմնականում ոչ զրահատեխնիկայի կիրառությամբ՝ գրոհիչ խմբերով, հրետանու խիտ կրակի ներքո։ Մեր զինված ուժերը չեն ընկրկել․ այս պահին որևէ դիրքային փոփոխություն այդ ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են։ Նույն ժամանակ նախկինում նշված գյուղերի ուղղությամբ՝ Շուշիի մերձակա անտառային գյուղերն են, Կարմիր Շուկայից դեպի արևմուտք մի քանի գյուղերի ուղղությամբ, դուք տեսաք գիշերը մարտական գործողությունների ընթացքում այս դիվերսիոն, ահաբեկչական, խառը հրոսակախմբերի դեմ պայքարն ինչ արդյունք է տվել։ Չնայած շատ լավ ցուցանիշներ ենք ապահովել, զգալի խմբեր են չեզոքացվել, ռազմաբազա, բայց այս ուղղությամբ մարտերը շարունակվում են։ Փոքր խմբավորումները մեկ այս անտառում, մեկ այն անտառում, մեկ այս բնակավայրում, մեկ մյուսում հայտնվում են, կորում են, կորուստներ են կրում, նահանջում, նորից են փորձում և այլն»,- ասաց Հովհաննիսյանը։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչն անդրադարձավ նաև գերեվարված ահաբեկչի մասին այսօր հրապարակված տեսանյութին՝ նշելով, որ այն ցուցադրվել է, և բոլորը տեսել ու լսել են, թե ինչպես է խոստովանում, թե ովքեր են պատրաստում, միջնորդում։
«Մեր ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ այս ահաբեկչական հրոսակախմբերը, ըստ էության, Ադրբեջանի զինված ուժերի կողմից օգտագործվում են՝ որպես, բառիս բուն իմաստով՝ թնդանոթի միս, որպես ականադաշտերը հաղթահարելու կենդանի ուժ, որպես մեր առաջին շարքի բնագծերը, մեր կրակային պատնեշները հաղթահարելու ուղղակի միջոց, ուրիշ ոչ մի բան»,- ասաց Հովհաննիսյանը՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով այդ ամենի վրա։
Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ մարտերը շարունակվում են, պատերազմն իր սաստկությունը մի փոքր կորցրել է, բայց եթե առանձին տեղերում բախումներ լինում են, դրանք լինում են նույն հրետանու, օդուժի կիրառմամբ։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ հիմնականում քիչ է կիրառվում զրահատեխնիկա, որովհետև մեր հրետանային և հակատանկային միջոցները շարժվող ամեն մի թիրախ անմիջապես ոչնչացնում են։