«Մենք աշխատում ենք մեր հույսը մեզ վրա դնել և այն երկրների, որոնք ունեն դաշնակցային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանը նույնպես ունի»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ եվրոպական լրատվամիջոցներին տված հարցազրույցում պատասխանելով հարցրին՝ ինչ կարող է ակնկալել ԵՄ-ից՝ իմանալով, որ ԵՄ որոշ եվրոպական երկրներ արգելափակում են Թուրքիայի նկատմամբ այլ թեմաներով սանկցիաները:
«Այն, ինչ ես ասում եմ, Եվրամիությունը մեզ համար պետք է չանի, Եվրամիությունն ինքն իր համար պետք է անի: Ցանկանում է անել՝ թող անի, չի ցանկանում անել՝ թող չանի: Ես պետք է մտածեմ Երևանի, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն չզգուշացրեցինք: Եթե վերջին տարիներին ընդհանրապես տեսնում եք, թե ինչ է կատարվում Եվրոպայում, այս պատերազմը Եվրոպայում շուտ է սկսել: Եվ ամեն օր ընթանում է: Եթե Դուք չեք նկատում այդ պատերազմը, եթե այնտեղ, ասենք, հեռահար հրետանի չի աշխատում, դա դեռ չի նշանակում, որ այդ պատերազմը չի սկսվել: Այդ պատերազմը տեղի է ունենում»,- ասել է Փաշինյանը և մեկնաբանել, թե ԵՄ-ում ընթացող ինչ պատերազմ նկատի ունի:
«Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայում: Տեսեք, թե ինչ տոնայնությամբ է խոսում Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի նախագահի մասին: Դուք կարո՞ղ էիք երբևէ մտածել, թե որևէ երկրի նախագահ, կամ որևէ երկրի պաշտոնական ներկայացուցիչ կարող է, օրինակ, Ֆրանսիայի և Ֆրանսիայի նախագահի հասցեին խոսել այդպես և այդ տրամաբանությամբ: Ո՞վ կարող էր այդպիսի բան մտածել 15 տարի առաջ, նույնիսկ սառը պատերազմի տարիներին: Ես չգիտեմ դեպք, երբ Խորհրդային միության որևէ ղեկավար, օրինակ, Ֆրանսիայի կամ եվրոպական որևէ երկրի ղեկավարի հասցեին այդպիսի արտահայտություն թույլ տար: Դա ի՞նչ է, եթե ոչ պատերազմ: Այլ բան է՝ դուք ուզո՞ւմ եք նկատել այդ պատերազմը, թե՞ չեք ուզում նկատել: Ինչքան չնկատեք, այն ձեզ համար ավելի ու ավելի նկատելի կդառնա: Այո, մարդկանց գլուխներ են կտրվում այսօր Եվրոպայի փողոցներում և բոլորը երջանիկ են նրանից, որ իրենց գլուխը չի կտրվել: Ես դա անվանում եմ ցեղասպանության մեխանիկա: Եթե այս անգամ որևէ մեկի գլուխը չի կտրվել, դա չի նշանակում, որ հաջորդ անգամ այդ նույնը տեղի չի ունենա: Եվ հստակ կա, դրա արձագանքներից մենք տեսնում ենք, թե որտեղ է այն էներգետիկ կենտրոնը, որտեղից այդ ամեն ինչը քաջալերվում է»,- ասել է նա: