Իրանից հարևան երկրի նախագահի ջերմ ողջույններն ու խաղաղության բարեմաղթանքներն է փոխանցել արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին վարչապետ Փաշինյանին: Հարևան երկրում անհանգիստ են Ադրբեջանում ահաբեկիչների ներկայությունից, ու Թեհրանը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հաղթահարման իր դիրքորոշումն ունի: Աբբաս Արաղչին ցավակցել է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի համար և դատապարտելի համարել քաղաքացիական ենթակառուցվածքների, բնակավայրերի թիրախավորումը:
Հայաստանի և Իրանի դիվանագետները շարունակում են քաղաքական շփումները: Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալը Երևանում մասնակցել է նաև հերթական խորհրդակցությանը: Իրանի նախագահի հատուկ բանագնացը նաև հայտնել է հակամարտության կարգավորման՝ Իրանի ներկայացրած հիմնական կետերը։
Աբբաս Արաղչի (ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ) - Մենք շատ մտահոգված ենք և այդ անհանգստությունը փոխանցել ենք Բաքվին: Ես քննարկել եմ այս հակամարտությունում բոլոր ահաբեկչական խմբերի առկայության խնդիրը, սա անթույլատրելի է։ Ես շատ արդյունավետ քննարկում ունեցա Հայաստանի արտգործնախարարի հետ, ծավալուն քննարկում էր, շատ օգտակար, կարծում եմ, որ հիմա մենք շատ լավ հասկանում ենք մեկս մյուսի մտահոգությունները և ավելի լավ հեռանկար ենք տեսնում ապագայի պատկերացումների վերաբերյալ: Ես մեր նախաձեռնությունը ներկայացրել եմ շահագրգիռ կողմերին, և սպասում ենք, որ ուսումնասիրեն, քննարկեն, և դրանից հետո արդեն պատրաստ կլինենք խոսել այդ տարրերի մասին։
Քաղաքական օրակարգի՝ սեղանին գրված-դրված խնդիրներից բացի, նաև տնտեսական ու փոխադարձ հետաքրքրության այլ կարևոր հարցեր են քննարկել: Դիվանագետները վստահ են՝ քաղաքական խորհրդակցությունների շարքը կարևոր է: