ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին:
«Այսօր ընդունեցի Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին:
Ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի ուշադրությունն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը երեք անգամ կոպտագույն կերպով խախտել է հումանիտար հրադադարի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ընդգծել եմ, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների պարբերաբար հրետակոծմամբ ու հրթիռակոծմամբ:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությանը, տարածաշրջանը ահաբեկչական կազմավորումների ներկայությամբ ապակայունացնելու և հրադադարի ռեժիմը չպահպանելուն ուղղված Թուրքիայի սադրիչ քաղաքականությանը՝ շեշտել եմ, որ այն սպառնալիք է ոչ միայն Արցախի ժողովրդի գոյութենական լինելիությանը, այլև տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգությանը։
Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին կարևորեց կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը»,- ասված է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գրառման մեջ: