Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացրել է օրվա ընթացքում մեդիադաշտում ադրբեջանական կողմի տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ:
Ադրբեջանական հաքերները շրջանառության մեջ դրեցին հայկական կողմի՝ իբր զոհված 5000 և ավելի զինծառայողների անուններով լրացված ցուցակ։ Ինչպես հայտնի է՝ հակառակորդը պատերազմի առաջին օրերին նման փորձերով արդեն իսկ հասցրել էր աչքի ընկնել։
Ցուցակը, իրականում, հերթական կեղծիքն էր, որում ամփոփված էին ոչ թե պատերազմական գործողությունների արդյունքում զոհված անձինք, այլ ՀՀ պետական ռեգիստրում գրանցված քաղաքացիները։
Ֆրանսիական Le Monde թերթում երեկ հրապարակված լուսանկարը, որը ներկայացվում էր իբրև ադրբեջանական Բարդա քաղաքում հայերի կողմից իրականացված «ավերածության» հետևանք, իրականում արվել էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ ծննդատան հրթիռակոծումից հետո։
Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, թե այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Կուբաթլուի ուղղությամբ Ադրբեջանի ՀՕՊ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է Հայաստանի ԶՈՒ-ի երկու Սու-25 գրոհիչ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը անմիջապես հերքեց լուրը՝ նշելով, որ հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռների ոչնչացման մասին Ադրբեջանի տարածած հայտարարությունը կեղծ է:
Հաջորդիվ սոցցանցերում սկսեց տարածվել խոցված ինքնաթիռի լուսանկարներ՝ ներկայացվելով իբրև հայկական Սու-25։ Ուսումնասիրելով լուսանկարները՝ հայտնում ենք, որ այն արվել է Սիրիայում՝ Սարակիբ քաղաքի մոտակայքում։ Պատկերվածն իրականում թուրքական ԱԹՍ է, իսկ լուսանկարն առաջին անգամ հրապարակվել է դեռևս 2020 թվականի մարտի 1-ին։
Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում՝ «Ժամանակը ցույց կտա» (Время покажет) հաղորդման ընթացքում, հերթական անգամ քննարկվել էր արցախյան պատերազմը։ Հաղորդման մասնակից, ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուռիգինը հանդես էր եկել պնդմամբ՝ նշելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ցանկություն է հայտնել անդամակցելու ՆԱՏՕ-ին։ Հյուրերից մյուսը՝ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուռավլյովը, միանալով գործընկերոջ հայտարարությանը, հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ լինելու ժամանակ է ասել՝ եթե իրեն ընդունեն ՆԱՏՕ, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։
Ինչպես արդեն պարզել էր Fip.am-ը` հաղորդման ընթացքում հնչած վերոհիշյալ պնդումները կեղծ են։ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցներում մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ պաշտոնական Երևանը չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին։
«Ոչ, իհարկե ոչ։ Մենք չենք դիտարկում ՆԱՏՕ-ի անդամ դառնալու փաստը։ Քանի որ մենք հիմա ՀԱՊԿ անդամ ենք, և ներկայում մեր նպատակն է, որ այդ կազմակերպությունում Հայաստանի անդամությունն ավելի ու ավելի արդյունավետ լինի»,- ասել էր Փաշինյանը։
Իսպանական EFE լրատվական գործակալության լրագրող Պաբլո Գոնսալեսն իր թվիթերյան էջում հրապարակել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` օրեր առաջ արված հարցազրույցից հատված, որում Հայաստանի ղեկավարը հաստատում է ՀՀ հարավային սահմանին ռուսական զորքերի առկայությունը:
Հիշեցնենք, որ այս թեման տևական ժամանակ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տալիս։ «Դա նորություն չէ։ Ռուս սահմանապահները միշտ կանգնած են Հայաստանի, Իրանի և Թուրքիայի սահմանին։ Եվ հիմա, երբ իրավիճակը զարգանում է, նրանք տեղակայվել են նաև հարավարևելյան և հարավարևմտյան հատվածում։ Ուղիղ պաշտպանությունից բացի, դա նաև զսպող նշանակություն ունի, եթե Ադրբեջանը նպատակ ունի Նախիջևանի հետ միջանցք բացել», - հայտարարել էր Փաշինյանը: