Հաշվի առնելով պատերազմական իրավիճակով պայմանավորված խնդիրները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ, համագործակցելով ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական և կրթության հոգեբանների ասոցիացիայի հետ, հանրակրթական դպրոցների մանկավարժների ու հոգեբանների և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների համար իրականացնում է վերապատրաստման դասընթացներ:
«Պատերազմական իրավիճակում հոգետրավմա ապրող երեխաներին մանկավարժական աջակցության ցուցաբերման ձևերը» թեմայով հեռավար դասընթացները մեկնարկում են նոյեմբերի 1-ից: Դասընթացին կմասնակցեն հանրապետության դպրոցների 2-ական մանկավարժներ: Մասնակիցներին կներկայացեն դպրոցները և ՏՄԱԿ-ները՝ մարզպետարանների կամ Երևանի քաղաքապետարանի միջոցով, որոնց արդեն ուղարկվել են համապատասխան շրջաբերականներ:
Վերապատրաստման ծրագրի շրջանակում մանկավարժները ձեռք կբերեն հետևյալ գիտելիքները և կարողությունները՝
● Պատկերացում հոգետրավմայի մասին
● Հոգետրավմային տրվող տարիքային արձագանքները
● Հոգետրավմայի ազդեցության ոլորտները երեխայի կյանքում
● Մանկավարժների և ուսուցիչների արձագանքը հոգետրավմա ապրող երեխայի հանդեպ
● Մանկավարժական աջակցման ձևերը հոգետրավմա ապրած երեխային։
Պատերազմական իրավիճակը խաթարում է երեխայի կենսագործունեության միանգամից քանի ոլորտ և ամենածանր հետևանքները կարող է թողնել նրա զարգացման վրա։ Տրավմատիզացիայի հաղթահարման լավագույն ուղիներից մեկը երեխաներին կրթության ոլորտում ներառելն ու նրանց առօրյան վերականգնելն է։