Ռուսաստանի Դաշնությունը խիստ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ: Այս մասին այսօր կայացած ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք խիստ մտահոգված ենք, որ երկու կողմերից էլ խաղաղ բնակիչներ են զոհվում»,- ընդգծել է Զախարովան` հավելելով, որ Մոսկվան հենց սկզբից ձգտել է շուտափույթ հրադադարի հասնել ու իրավիճակը տեղափոխել բանակցությունների դաշտ:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ վաղը Ժնևում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Օրակարգում ներառված են նաև միջազգային մարդասիրական իրավունքի, զինադադարի հաստատման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր: