Այս պահին տեղի է ունենում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ՝ տեղեկացրեց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ: Հանդիպման մանրամասներ կներկայացվեն ավելի ուշ, երբ ավարտվի այն՝ նշեց խոսնակը:
Մինչ այդ, պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանն ակնկալիքներ ունի՞ Իրանից, ի՞նչ առաջարկներով է Հայաստան եկել Իրանի ԱԳ նախարարի տեղակալը, և ինչպե՞ս է հայկական կողմն արձագանքում այն առաջարկներին, որոնք բարձրաձայնվել են պաշտոնյայի կողմից Բաքվում, ԱԳՆ խոսնակը պատասխանեց.
«Ես չէի ցանկանա Իրանից ստացված որևէ քայլ կամ առաջարկ մեկնաբանել միայն մամուլից ստացված տեղեկությունների հիման վրա, և քանի դեռ հանդիպումն ավարտված չէ, տեղեկատվություն տրամադրել չեմ կարող:
Իրանը մեր հարևանն է, և Ադրբեջանի գործողությունները՝ Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ, սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի համար, և Իրանը, այդ առումով, նույնպես բացառություն չէ»,- նշեց խոսնակը: