ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ներկայացրեց Արցախում օպերատիվ-ռազմավարական իրադրությունը:
«Այսօր մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ողջ երկայնքով, բայց ոչ մեծ ինտենսիվությամբ։ Նախ հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի ռազմական գործողություններ։ Մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ գրանցել։
Բացի դրանից՝ Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում անտառային զանգվածի, փոքր բնակավայրերի հարակից տարածքներում շարունակվում են մարտական գործողությունները։ Այսօր դրանք ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղի տարածքի ու հարակից բլուրների ու անտառային զանգվածներում։ Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է առանձին մարտավարություն, ինչը սովորական համազորային մարտի կամ 5-րդ սերնդի պատերազմին բնորոշ մարտեր չեն»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները, կիրառվում են հիմնականում հրետանային, հրթիռային միջոցներ։