«Մեկ ամսից ավել է, ինչ Ադրբեջանը շարունակում է իր լայնամասշտաբ ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ, որի ժամանակ առանձնահատուկ թիրախավորվում են բնակչությունը, քաղաքացիական և կենսական ենթակառուցվածքները:
Այդ առնչությամբ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Արտաքին գործերի նախարարությունը` առանձնահատուկ դատապարտելով հատկապես համավարակի պայմաններում բժշկական հաստատությունների և հիմնարկների թիրախավորումը, որին ականատես ենք եղել երեկ»,- հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ Հայկական միասնական ճակատում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով, Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մեծ վնասներ է պատճառվել քաղաքացիական բնակչությանը:
«ԱՀ ՄԻՊ-ի կողմից հրապարակվել է ավելի քան 40 խաղաղ բնակիչների զոհերի թիվն ու ավելի քան 120 վիրավորների թիվը, որոնք ստացել են ծանր վնասվածքներ: Եղել է նաև տեղեկություն տասնյակ հազարից ավելի ենթակառուցվածքների թիրախավորման մասին. մոտ 12 000` մասնավոր սեփականության, մոտ 2000-ը` քաղաքացիական, դրանց մեծ մասը՝ կենսական նշանակության»,- ասաց ԱԳՆ խոսնակը:
Նաղդալյանի խոսքով` մարդկության դեմ հանցագործության տարրեր պարունակող ադրբեջանական այդ գործողությունները հակադարձվել են Արցախի կողմից՝ ողջ կարողությունների շրջանակում: