Հայաստանի սահմանի երկայնքով ու Արցախի հյուսիսից հարավ թշնամական ուժերի, վարձկան ահաբեկիչների գրոհները շարունակվել են: Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում ոչ լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթացել: Հակառակորդին չի հաջողվել առաջանալ այս ուղղությամբ: Ավելին՝ հայկական զինուժը որոշ հատվածներում բարելավել է դիրքերը:
Հակառակորդի գրոհների լայնածավալ հարձակողական բնույթը, կրակի ինտենսիվությունը թուլացել են: Մարտական գործողությունները ավելի դանդաղ են՝ օջախային, թշնամին անցել է իրեն հատուկ՝ սողացող կռվի: Հայ զինվորը, սպան, կամավորականը՝ միասին շարունակում են պահել հող հայրենին:
Արծրուն Հովհաննիսյան (ՀՀ ՊՆ ներկայացուցիչ) - Մենք մեր տունն ենք պաշտպանում։
Արցախի հյուսիսային, մասնավորապես, Մարտակերտի և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ հակառակորդը կիրառել է հրետանի: Որոշ ուղղություններում թշնամին վերահսկողությունը հանձնել է վարձկան ահաբեկիչներին, Արծրուն Հովհաննիսյանը թշնամուն կրկին հիշեցնում է՝ հայոց հողում իրենց միայն դժոխք է սպասում:
Օրվա ընթացքում ռազմի դաշտում անհաջողություններից հետո թշնամին փորձել է վրեժխնդիր լինել հայկական խաղաղ բնակիչներից, հրթիռակոծել Արցախի մայրաքաղաքն ու բերդաքաղաքը, հանրապետական հիվանդանոցն ու ծննդատունը:
Արծրուն Հովհաննիսյանը շեշտում է՝ ՊԲ-ն բազմիցս ընդգծել է՝ պատրաստ է պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունները, սակայն հակառակ կողմի պատկերացումները, հաստատապես, ամբողջությամբ այլ են։
Արծրուն Հովհաննիսյան - Մենք նշել ենք, որ մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու, ինչպես իրականացնում են Ադրբեջանի ԶՈՒ-ն և ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ ՊԲ-ը բոլոր անհրաժեշտ քայլերով չեզոքացնելու է, սահմանները ամրանալու են, ու հաղթելու ենք: