Պատերազմի 33-րդ օրը Արցախը արթնացավ օդային տագնապի ու թշնամու հրթիռակոծության չդադարող ձայներից:
Արցախի ԱԻՊԾ-ը հայտնեց՝ ժամը 08.00-ին հայտարարված օդային տագնապից 3 րոպե անց թշնամին «Սմերչ» ռեակտիվ համակարգով հարվածել է մայրաքաղաք Ստեփանակերտին: Ծայրամասային փողոցներից մեկում ավերվել է բնակելի տուն, ամբողջությամբ փլվել հարակից շինությունը, վնասվել մեկ ավտոմեքենա: Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:
Թշնամին «Սմերչով» կրկին թիրախավորել է նաև բերդաքաղաք Շուշին: Արցախի հյուսիսարևելյան՝ Մարտակերտ քաղաքի ուղղությամբ կիրառվել է ռազմական ավիացիա։ Կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան:
Թշնամին հերթական անգամ խախտել է միջազգային մարդասիրական իրավունքների պահանջները, կիրառել անթույլատրելի զինատեսակներ, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ՝ հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
ՊԲ-ն վաղ առավոտյան հայտնեց՝ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թշնամու հերթական «Բայրաքթար» հարվածային անօդաչուն:
Հայ հրետանավորները, ի դեպ, դիպուկ կրակով նաև թշնամու «Սմերչ» են ոչնչացրել:
Առավոտյան օդային տագնապ է հայտարարվել նաև Ասկերանում ու Մարտունիում: Արցախի նախագահի խոսնակը հայտնեց՝ ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հատկապես թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր գյուղերի հատվածում։
Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ։