Լույսը դեռ չէր բացվել, բայց լավաշի անուշ բույրն արդեն տարածվել էր գյուղում։ Այգեշատցիները տուն-տուն հավաքվում, խմոր են հունցում, լավաշ թխում, որ ուղարկեն սահման։ Արդեն չեն էլ հիշում՝ որերորդ գիշերն է՝ լուսացնում են վառարանների մոտ։ Ասում են՝ չենք կարող հանգիստ քնել, եթե զինվորն իր առողջությունն ու կյանքն է դրել հայրենիքի զոհասեղանին։ Լավաշի հետ նաև իրենց աղոթքներն են ուղարկում։ Ուզում են, որ առաջնագծի տղաները զգան թիկունքի ջերմությունը։
Լալա Մկրտչյան (Այգեշատ համայնքի բնակիչ) - Կարդացել եմ Աստվածաշունչը, նոր եկել եմ...
Ալվարդ Եղիազարյան (Այգեշատ համայնքի բնակիչ) - Ինչ որ անում ենք՝ հոգի ենք դնում մեջը...
Ռազմաճակատ թարմ լավաշ ուղարկելն այգեշատցի Բեգլարի ու նրա երևանաբնակ ընկերների մտահղացումն է։ Երբ երիտասարդն այդ մասին հայտնել է համագյուղացիներին, սպասվածից ավելի ընտանիքներ են ցանկացել մասնակցել նախաձեռնությանը։
Բեգլար Ազիզյան (Այգեշատ համայնքի բնակիչ) - Ընտանիքներ եղան, որ նեղացան՝ իրենց տեղյակ չպահելու համար, հպարտ եմ մեր մայրերով, մեր թիկունքով, հաղթելու ենք։
Որպեսզի գյուղի աշխատանքները չտուժեն՝ թխում են կեսգիշերից մինչև լուսաբաց, որ առավոտ ծեգին էլ լոբին հավաքեն, այգում մնացած բերքը տուն բերեն, օղին թորեն․․․Կուզեին, որ նախկինի պես՝ խմորի գունդը բացելուց կամ գրտնակ անելուց երգեին, հումորներ անեին, բայց սիրտ չունեն։ Այս պատերազմն իրենց գյուղից երեք երիտասարդ կյանք տարավ։ Այլևս զոհ չեն ուզում։ Օր ու գիշեր աղոթում են, որ հաղթանակը շատ չուշանա։
Նունե Մելիքյան (Այգեշատ համայնքի բնակիչ) - Մեր զոհվածները գույները տարան իրենց հետ, մեզ թողեցին սգի մեջ, բայց հաղթելու ենք, էդքան զոհ ենք տվել, որ չհաղթե՞նք։
Հաց թխելն էլ յուրովի աղոթք է՝ ասում են կանայք, ու հավատում, որ իրենց աղոթքներով շաղախված հացը ուժ ու տոկունություն կտա սահմանը պահող զինվորին, կփոխանցի այն սերն ու ջերմությունը, որ իրենք՝ մայրերն ու կանայք, դնում են լավաշի ամեն բացվող հատիկի մեջ։
Լալա Մկրտչյան - Խաղաղություն, ուժ, եռանդ, վերադարձ, պատերազմին վերջ:
Գայանե Ազիզյան (Այգեշատ համայնքի բնակիչ) - Մենք ուզում ենք, որ էս հացը դառնա հաղթանակի հաց:
Թոնիրը փոխարինել են վառարաններով, որ գործն ավելի արագ լինի, հասցնեն շատ թխել։ Պետք է նաև այնպես անել, որ լավաշը զինվորին հասնի թարմ վիճակում՝ համ ու հոտը պահպանած։
Բեգլար Ազիզյան - Ցելոֆանների մեջ ենք դնում, որ թարմ հասցնենք՝ թրջելու կարիք չլինի, դրա համար շուտ-շուտ ենք տանում։
Բեգլարն ու ընկերներն այսօր թարմ լավաշը կհասցնեն զինվորներին, իսկ այգեշատցի կանայք նորից կթեժացնեն վառարանները, որ չուշացնեն նոր խմբաքանակը։