Գերմանիայում բնակվող հայ բժիշկների հերթական խումբն արդեն Հայաստանում է։ 1lurer.am-ի հետ զրույցում վիրաբույժներից Մկրտիչ Մուրադյանը պատմեց, որ կամավոր դիմել էր տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ միջազգային, օր առաջ հայրենիք գալու ու մասնագիտական հմտություններով օժանդակելու համար։ Հայաստան է եկել Գերմանիայի հայ բժիշկների ասոցիացիայի ծրագրով։ Բժիշկը նշեց, որ հայրենիքում առողջապահության համակարգն ավելի արդյունավետ աշխատեցնելու համար ժամանած բժիշկների տեղաբաշխումը, համակարգումն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Հիմա տեղաբաշխման գործընթացն է, սպասում եմ զանգին, թե նախարարությունը որտեղ կուղարկի օգնելու համար, որքան գիտեմ՝ գործընկերներիցս մեկն արդեն «Էրեբունի» հիվանդանոցում է օգնում, աշխատում, մյուսն էլ մոտակա օրերին մեկ այլ հիվանդանոց է գնալու»,- ասաց Մուրադյանը՝ շեշտելով, որ իրենց բոլորի նպատակն է գալ ու նպաստել համակարգի ճկուն աշխատանքին։ Նա շեշտեց, որ այդ կարիքը կա, քանի որ վիրավորները շատ են, ու բժիշկների սուր պահանջ կա։ Վիրաբույժը նաև տեղեկացրեց, որ Գերմանիայից ժամանած հայ բժիշկների երկրորդ խմբում է, ու իրենց հետ նաև որոշ խմբաքանակով բժշկական պարագաներ, դեղեր են բերել։
«Նաև մեծ խմբաքանակ այդ ասոցիացիայի ու մնացած կազմակերպությունների օգնությամբ է բերվել․ արդեն մոտ 25 տոննա առողջապահության նախարարության կարիքի ցուցակի համապատասխան բժշկական պարագաներ են ուղարկվել Գերմանիայից»,- նշեց վիրաբույժը։
Մուրադյանն ընդգծեց, որ մեր բժիշկների աշխատանքը միայն գովասանքի է արժանի, քանի որ, նրա խոսքով, համակարգը զարգացած երկրների համեմատ որոշ թերություններ ունի, բայց մինչև հիմա շատ լավ կատարում է իր առաջադրանքները, և պետք է շարունակել նույն կերպ։
«Երկու բանակ է պետք, մեկը՝ զինվորական, մյուսը՝ բժշկական․ շարունակել է պետք այդ ամենը։ Երկու օր առաջ եմ եկել ու անձամբ դեռ հիվանդանոցներում չեմ եղել, սպասում եմ իմ տեղաբաշխմանը, բայց որքան ինֆորմացիա ունեմ իմ բժիշկ ընկերներից, նրանց տպավորությունից, հեռուստատեսությունից կամ մարդկանց խոսակցություններից, ոչ մի բացթողում չի արվել։ Բոլոր կարիք ունեցողները ժամանակին վիրահատվել են, բոլոր կարիք ունեցողները հիվանդանոցում կորոնավիրուսի հետ կապված իրենց համապատասխան բուժումը ստացել են։ Ամեն ինչ կոռեկտ արվում է, ճշգրիտ է ամեն ինչ»,- ասաց Գերմանիայից Հայաստան կամավորական աշխատանքի համար ժամանած հայ բժիշկը։
Մուրադյանը շեշտեց՝ այն, որ հաղթելու ենք, ու մարտական ոգին բարձր է՝ միանշանակ պետք է ասել, որ այլ տարբերակ չկա։ «Այդպես էլ պետք է լինի, ու պետք է շարունակենք նույն կերպ մտածել ու աշխատել»,- ընդգծեց վիրաբույժը։