ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարությանը, թե թշնամին գտնվում է Շուշիից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա: Հովհաննիսյանը մանրամասնեց, որ խոսքը դիվերսիոն խմբերի մասին է, որոնք Սղնախ գյուղի մոտակայքում են, հեռավորությունն էլ ավելի հստակ՝ 7 կմ է:
«Արցախի նախագահը, ըստ էության, մարտակոչ է հնչեցրել, և դա նորմալ է։ Նման իրավիճակում երկրի ղեկավարները ամեն օր էլ կարող են մարտակոչեր հնչեցնել, որովհետև ամեն օր էլ մարտական գործողություններ ընթանում են, պատերազմը շարունակվում է։ Էլի եմ ասում՝ ինտենսիվությունը փոխվել է, մարտական գործողությունների բնույթը փոխվել է։
Հակառակորդի հիմնական խոշորածավալ կարողություններ ունեցող զորախմբի մեջքը կոտրվել է, բայց դիվերսիոն խմբերը, փոքր խմբերը մանավանդ այսպիսի տեղանքում փորձելու են այսպիսի գործողություններ իրականացնել, և գրեթե ամեն օր էլ որոշակի գործողություններ կան։ Եթե մենք չենք բարձրաձայնում այլ ուղղություններում նրանց դիվերսիոն գործողությունների փորձերի ու տապալման մասին, չի նշանակում, որ դրանք չեն կատարվում։ Ուղղությունը, որը հայտարարվել է, պարզ է՝ Շուշի գնացող գյուղերի պարագիծն է»,-նշեց Հովհաննիսյանը։
ՀՀ ՊՆ ներկայացուցչի խոսքով, չնայած մարտական գործողությունների ինտենսիվությունն ու ծանրությունը փոքր-ինչ նվազել են, սակայն խնդիրը նույնն է։
«Հակառակորդը ահաբեկչական կազմավորումների հետ Թուրքիայի լիարժեք աջակցությամբ շարունակում է մարտը՝ այլ զինատեսակների ու զինամթերքի կիրառությամբ, բայց մեր խնդիրը նույնն է․ մեր Սուրբ Հայրենիքի պաշտպանությունը»,- ասաց նա: