Ադրբեջանն իր կեցվածքով փորձում է զրոյացնել կայուն հրադադարի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, ինչն անվերապահ խրախուսում է Թուրքիան՝ ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան-Իվ Լը Դրիանի հետ հեռախոսազրույցում նշել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Ադրբեջանը շարունակում է Արցախի խաղաղ բնակիչներին հրետակոծել ու հրթիռակոծել արգելված զինատեսակներով: Արտգործնախարարները քննարկել են նաև Ժնևում հանդիպման պայմանավորվածությունը:
Մեկ այլ հեռախոսազրույց՝ Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերի մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում հումանիտար հրադադարի հաստատման մասին ձեռք բերված պայմանավորվածության մասին Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանն իր ուխտադրուժ կեցվածքով կրկին հրաժարվել է իր ստանձնած պարտավորություններից:
Այս ամենը տեսանյութերով Թվիթերի իր միկրոբլոգում երկրի գլխավոր դիվանագետը գրել է՝ Ադրբեջանը երրորդ անգամ անկարող է գտնվել հարգելու իր սեփական պարտավորվածությունները: Բաքվի անվստահելի և խաբող ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ: Անվտանգության սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար շատ մեծ է։