1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի, 27-ի դեպքերի քրոնիկոնը:
Հակառակորդին չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ. հայկական ԶՈՒ-ն դիրքային որոշակի բարելավում է ունեցել. Հովհաննիսյան
Այսօր ողջ օրն Ադրբեջանի զինված ուժերը, ինչպես նաև նրան զինակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր ջոկատներով շարունակել են իրենց հարձակողական տարաբնույթ գործողությունները։ Դրանք եղել են ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավային ուղղություններով։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթացել։ Հակառակորդին չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ՝ չնայած նրանց որոշակի ջանքերին։ Այս ուղղությամբ մեր զինված ուժերի ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել։ Հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետակոծություն՝ Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ»,- նշել է Հովհաննիսյանը։
Սա մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին. ԱՀ նախագահը` Ստեփանակերտի ծննդատան հրթիռակոծության մասին
«Այսօր Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի թաղամասերի ուղղությամբ, այդ թվում՝ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին: Քիչ առաջ հաղորդագրություն է ստացվել Ստեփանակերտի թաղամասերին նոր հարվածների և նոր ավերածությունների մասին: Սա մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին»,- Թվիթերի էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի կրակակետերը լռեցվել են
ԱՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: «Մասնավորապես, թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրների կիրառմամբ հրթիռակոծության են ենթարկվել Շուշին և Ստեփանակերտը, ինչի հետևանքով մեծ վնաս է հասցվել մայրաքաղաքի ծննդատանը, երկու քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին: Խաղաղ բնակչության շրջանում կան մեկ զոհ և վիրավորներ: ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի՝ խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին՝ հավատարիմ մնալ հումանիտար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, հակառակ դեպքում համարժեք պատասխանն իրեն երկար չի սպասեցնելու»,- ասված է հայտարարությունում:
Ստեփանակերտում արձանագրվել են մեծածավալ ավերածություններ, Շուշիում՝ մեկ զոհ. ԱՀ ՄԻՊ
Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին ավելի քան 15 անգամ հարվածել են Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների ուղղությամբ՝ դիտավորյալ թիրախավորելով Մոր և մանկան առողջության կենտրոնը և բնակելի ու հանրային նշանակության որոշ օբյեկտներ՝ հայտնել է ԱՀ ՄԻՊ-ը:
«Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են դիտավորյալ պատերազմական հանցագործությունները քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ՝ արդեն թիրախավորելով ընդհուպ Մոր և մանկան առողջության կենտրոնը: Այս նոր հանցագործությունները հետևանքն են նախորդ հանցագործությունների հանդեպ միջազգային հանրության թողտվության, ինչից առիթավորվում է ադրբեջանական կողմը: Հետևաբար, այս հանցագործությունների համար պատասխանատվություն է կրում ինչպես Ադրբեջանը, այնպես էլ միջազգային հանրությունը»,-
ասված է ԱՀ ՄԻՊ հայտարարության մեջ:
Թշնամին շարունակել է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը. տեսանյութ
Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել այսօր մայրաքաղաք Ստեփանակերտի հրթիռակոծումից:
Ստեփանակերտում՝ օդային տագնապ
««Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից թշնամին հրետակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով՝ թիրախավորվել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը (Հանրապետական ծննդատուն)։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունը ճշտվում է։ Ստեփանակերտում օդային տագնապ է»,-
ասվել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի զինուժը թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը
«Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են»,- հայտնել են Արցախի տեղեկատվական շտաբից։
Հակառակորդը շարունակել է հարվածներ հասցնել Ստեփանակերտին և Շուշիին. կան տուժածներ
Հակառակորդը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունները, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը՝ հայտնում են պաշտպանության բանակից: Մասնավորապես՝ հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից հարվածներ է հասցնում Շուշիին և քաղաքամայր Ստեփանակերտին: Թշնամական ուժերի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները։
«Սմերչ» կայանքից մեկ հարված հասցվել է մայրաքաղաք Ստեփանակերտին. ԱՀ ԱԻՊԾ
««Սմերչ» կայանքից մեկ հարված հասցվել է մայրաքաղաք Ստեփանակերտին։ Տուժածներ չկան»,- հայտնել են Արցախի ԱԻՊԾ-ից:
Շուշին հրետակոծվել է «Սմերչով», կան զոհ և 2 վիրավոր
«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կան մեկ զոհ և երկու վիրավոր։ Այս մասին հայտնել են ԱՀ ԱԻՊԾ-ից:
Թիրախավորվել է բերդաքաղաք Շուշին. ԱՀ ԱԻՊԾ
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն-լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: «Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։ Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հակառակորդի հերթական ԱԹՍ-ների ոչնչացումը
Տեսանյութ
ՊԲ ստորաբաժանումները շարունակել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը: Առավոտյան ՊԲ-ից հայտնել են, որ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները։ Տեղային նշանակության մարտեր են ընթացել ճակատային գծի որոշ ուղղություններում: