Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունների կատարման շուրջ:
ԱԳ նախարարը, անդրադառնալով հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում հումանիտար հրադադարի հաստատման մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, նշել է, որ Ադրբեջանը, հերթական անգամ ի ցույց դնելով իր ուխտադրուժ կեցվածքը, հրաժարվել է ստանձնած պարտավորություններից և շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, այդ թվում՝ արգելված զինատեսակներին կիրառմամբ:
Երկուստեք ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների անվերապահ կյանքի կոչման անհրաժեշտությունը: