ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Ժնև, որտեղ հանդիպում կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական Ժնևում նախատեսված հանդիպումը, եթե Ադրբեջանը չի պահպանում հրադադարի պայմանավորվածությունը, և թե ինչո՞ւ փոխվեց հանդիպման օրը, Նաղդալյանը պատասխանեց. «Հանդիպումը հոկտեմբերի 29-ի փոխարեն կկայանա մեկ օր անց, նշեմ, որ փոփոխությունը պայմանավորված է իրավիճակային և լոգիստիկ հանգամանքներով:
Օրակարգի վերաբերյալ կարող եմ ասել, որ Հայաստանի համար առաջնայինը, ինչպես բազմիցս նշվել է, կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է` համաձայն հոկտեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ասաց Նաղդալյանը: