Սիրիայի զինված ուժերի կողմից բերման են ենթարկվել թուրքամետ գրոհայիններ, որոնք հարցաքննության ժամանակ հայտնել են, որ «Սուլթան Մուրադ» խմբավորման անդամներ են: Նրանք ռազմական պատրաստություն են անցել Աֆրինում՝ թուրք հրահանգիչների ղեկավարության տակ և ամսական ստացել են 350 լիրա (մոտ 50 դոլար)՝ փոխանցում է Infoteka24-ը:
Բերման ենթարկվածները պատմել են, որ նրանց հավաքագրել են տարբեր խմբավորումներում և հազարներով Թուրքիայի միջոցով տեղափոխել Ադրբեջան: Գրոհայինների խոսքով՝ Արցախում ռազմական գործողությունների ժամանակ մեծ կորուստներ են ունեցել:
Սիրիական իրավապաշտպան կենտրոնը շարունակում է հետևել Թուրքիայի կողմից գրոհայինների՝ Ադրբեջան տեղափոխմանը, ուր ժամանել է 300 հոգուց բաղկացած ահաբեկիչների նոր խումբ:
Թուրք-ադրբեջանական կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար այսօրվա դրությամբ տեղափոխվել է 2350 վարձկան, որոնցից 320-ը վերադարձել են՝ հրաժարվելով ամեն ինչից, նույնիսկ նյութական պարգևավճարներից: Նշվում է նաև ահաբեկիչների շրջանում 217 զոհի մասին, որոնցից 163-ի մարմինները վերադարձվել են Սիրիա, մյուսներինը փտում են Արցախի լեռներում ու անտառներում:
Հիշեցնենք, որ Արցախում Իրանի հետ սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ սպանվել էր Համզա դիվիզիայի ամենահայտնի հրամանատարներից մեկը՝ Ադել Շահիրը: