Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Առաջինից երկրորդ ընթերցում առաջարկություններ չեն ստացվել:
Նշենք՝ նախագծով օրենսդրորեն սահմանվում է «աշխարհազոր» եզրույթը՝ որպես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաև Կառավարության ներկայացրած՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը:
Նշենք՝ նախագծով առաջարկվում են կարգավորումներ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Նշված օրենդրական նախաձեռնությունը կատարվում է ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ առավել խիստ պատժաչափեր նախատեսելու համար։
Երրորդ նախագիծը՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, որն ընդունվել էր առաջին ընթերցմամբ, երկրորդ ընթերցմամբ չքննարկվեց:
Նշենք՝ օրենքով նախատեսվում է կարգավորել ռազմական դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները, ընթացակարգը և երաշխիքները, գույքին հասցված վնասի դեպքում փոխհատուցման պայմանները:
Մինչև երկու նախագծերի քվեարկությունը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց: