Հունական Greek City Times լրատվամիջոցը հրապարակել է միջազգային հարաբերությունների և ցեղասպանության մասնագետ, ստարտափի հիմնադիր Վահրամ Այվազյանի հոդվածը հայ-արաբական հարաբերությունների վերաբերյալ:
Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում վերջին զարգացումները, Թուրքիայի անմիջական ներգրավվածությունն ու պատերազմը Հայաստանի դեմ և նրանց՝ ահաբեկիչներին աջակցելը արդեն իսկ հարց է առաջացնում՝ ո՞ւր ենք գնում, գրում է հեղինակը:
Թուրքիայի նախագահ Էրդողանը իր կարճատես քաղաքական որոշումների միջոցով վերափոխվել է ռազմատենչ առաջնորդի, որն ապակայունացնում է ամբողջ տարածաշրջանը: Ավելորդ է ասել, թե ինչպես է նա վնասում արաբական աշխարհին և, մասնավորապես, Սաուդյան Արաբիային, իր ռազմատենչ հայտարարություններով և գործողություններով:
Կարևոր է նշել, որ Սաուդյան Արաբիայի և Հայաստանի համար այժմ կա պատմական հնարավորություն՝ քաղաքական կապեր հաստատելու և միասին աշխատելու, Էրդողանի կառավարությանը խաղաղեցնելու և Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Հարավային Կովկասի ավելի մեծ շրջաններում խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու ուղղությամբ: Հասկանալի է, որ Էրդողանը ցանկանում է վերածնել ուշ Օսմանյան կայսրությունը՝ չարիքի այդ ուշ կայսրությունը, ինչը, իհարկե, Թուրքիայի ուժերից վեր է:
Պատմականորեն, Օսմանյան կայսրությունը ճնշումներ է գործադրել Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Կովկասի տարածաշրջանների բոլոր ազգերի վրա, սպանել է, թալանել, ոչնչացրել արաբներին, հույներին, հայերին և այլ ազգերի, ինչը, ի վերջո, հանգեցրեց հայերի, հույների, ասորիների ցեղասպանության: Ցավոք, Էրդողանի կառավարությունը անընդհատ գործում է նեոօսմանիզմի սկզբունքներով՝ հանուն տարածաշրջանային հեգեմոնիայի, այդպիսով դառնալով տարածաշրջանի խորամանկ չարագործը:
Հայացք նետելով հին ժամանակներին՝ պետք է ընդգծենք, որ արաբների և հայերի միջև երբևէ որևէ հակադրություն չի եղել:
Ավելին՝ մենք ունեցել ենք արաբահայ համագործակցության վառ օրինակներ, ինչպիսիք են արաբա-հայկական պայմանագիրը 652 թ., կամ խաղաղ գոյակցությունն ու լավ առևտրային հարաբերությունները Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակ (1080-1375): Իսկ ամենակարևորն այն է, որ արաբ ժողովուրդը անմոռանալի աջակցություն ցույց տվեց հայերին Հայոց ցեղասպանության ժամանակ ու դրանից հետո (1915-1923)՝ վերապրածներին ապաստան տալով Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում և այլուր, ինչը հայ ժողովուրդը հիշում է անչափ երախտագիտությամբ:
Եվ վերջապես, ինչը պակաս կարևոր չէ, հարուստ մշակույթով և մարդկային քաղաքակրթության վրա իրենց ազդեցությունն ունեցող հին ազգերը՝ հայերն ու արաբները, ավելի որոշակի՝ Հայաստանն ու Սաուդյան Արաբիան, չեն խոչընդոտում լավ հարաբերություններին և համատեղ քաղաքական ու տնտեսական ջանքերին Մերձավոր Արևելքում:
Հայաստանը շատ լավ քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական հարաբերություններ է ունեցել արաբական մի շարք պետությունների հետ, և Սաուդյան Արաբիայի քաղաքական էլիտան չպետք է բացառի հայ ժողովրդի հետ լավ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու պատմական այս հնարավորությունը:
Հայաստանում, Արցախում և Մերձավոր Արևելք-Հյուսիսային Աֆրիկա տարածաշրջանում Էրդողանի ապակայունացնող գործողություններն ու պատերազմները դադարեցնելուն ուղղված համատեղ աշխատանքից բացի՝ պետք է նաև լուրջ քննարկումներ լինեն ներդրումների հնարավորությունների վերաբերյալ, հատկապես Հայաստանում արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
Սաուդյան Արաբիան և Հայաստանը կարող են դառնալ խաղաղ և արդյունավետ համագործակցության լավ օրինակ: